«Ուր որ կերթաս՝ պոռա Հայաստան». Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է
«Ես հայերեն չեմ գրում, բայց աշխարհին նայում եմ հայերեն»,- ասել է Վիլյամ Սարոյանը:
Այսօր 20-րդ դարի ամերիկյան գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: Հետագայում, արդեն մեծ գրող, նա գրելու էր. «Ես Վիլյամ Սարոյանն եմ` Արմենակ և Թագուհի Սարոյանների չորրորդ զավակը... Ես ծնվել եմ Ֆրեզնոյում - Կալիֆոռնիայի նահանգ - բայց ծնողներս բիթլիսցի են... Հոգ չէ, թե մենք հայ հողից հեռու էինք ապրում, Հայաստանը մեր մեջ էր, Բիթլիսը մեր մեջ էր: Մենք էլ Բիթլիսի մեջ էինք մեր խոհերով, նիստուկացով, հիշատակներով: Երգում էինք մեր հին երգերը: Պատմում Բիթլիսի պատմությունները...»:
Նա երեք տարեկան է եղել, երբ մահացել է հայրը: Սարոյանը կյանքի դառնությունը ճաշակել է մանկությունից: Նա դպրոցում քիչ է սովորել` շուրջ վեց տարի: Վաղ հասակից էլ սկսել է աշխատել, եղել է լրագրավաճառ, հեռագրատան ցրիչ, սևագործ բանվոր, գրասենյակային ծառայող ու վարձու զինվոր...
1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրաե վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում: Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն:
Նրա ստեղծագործությունների հերոսները հասարակ մարդիկ են, աշխատավորներ ու թափառաշրջիկներ, բատրակներ ու բանվորներ, մանր առևտրականներ ու ծառայողներ, որոնց կյանքը լի է դառնությամբ, կարիքով ու զրկանքով: Նրանք, սակայն, չեն հուսալքվում ու ընկրկում կյանքի դժվարությունների առաջ, այլ ամենածանր դրության մեջ էլ փայփայում են լավի հույսը, ամենամռայլ վիճակում` գտնում լույսի շողերը: Սարոյանի ստեղծագործությունները տոգորված են խոր մարդասիրությամբ ու պայծառ լավատեսությամբ, հասարակ մարդու ճակատագրի, նրա ապագայի հանդեպ մտահոգությամբ:
Սարոյանի շատ գործերում ոչ միայն հայի կերպարներ կան, այլև կա հայկական հոգեբանություն, ոգի ու ոճ, կա անհուն կարոտ հայրենի ավերված օջախի ու կորցրած ծննդավայրի հանդեպ: «Թեև անգլիերեն կը գրեմ ու հակառակ անոր, որ ծնունդով ամերիկացի մըն եմ, ինքզինքս կը նկատեմ հայ գրող մը։ Գործածած բառերս անգլիերեն են։ Միջավայրը, որու մասին կը գրեմ, ամերիկյան է։ Ոգին, որ կ՚ստիպե ինձ գրել, սակայն հայ է։ Ուրեմն հայ գրող մըն եմ։ Խորապես կը սիրեմ հայ գրողներու մեծ ընտանիքին պատկանելու պատիվը»,- գրել է Վ.Սարոյանը:
Վիլյամ Սարոյանը երազանքներով ու խոհերով, ողջ էությամբ կապված էր Հայաստանին, հայ ժողովրդին: Առաջին անգամ հայրենիքում եղել է 1935 թ-ին, այնուհետև՝ 1960, 1976 և 1978 թթ-ին: Սարոյանը ՀԽՍՀ «Խաղաղության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ ակտիվ գործունեության համարե մրցանակի առաջին դափնեկիրն է:
Վիլյամ Սարոյանը վախճանվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: 2008-ին Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում, բացվել է Վիլյամ Սարոյանի արձանը, որը հեղինակել է քանդակագործ Դավիթ Երևանցին, ճարտարապետներ՝ Ռուբեն Հասրաթյան և Լևոն Իգիթյան:
«...(Սարոյանը) օժտված է մի այնպիսի ձիրքով, որ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով: Նա մարդկանց չի դատապարտում, այլ սիրում է նրանց... Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է»,- Վ. Սարոյանի մասին ասել է բանաստեղծ Պարույր Սևակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում