Գիտելիքի, գրի և դպրության օր. հուզված ծնողներ և երեխաներ. «Կրթված ու գիտակ մարդիկ միշտ էլ հարկավոր են» (լուսանկարներ)
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Գիտելիքի, գրի և դպրության օր: Եւ պատահական չէ, որ սեպտեմբերի 1-ը՝ որպես նոր ուսումնական տարվա սկիզբ և Գիտելիքի օր, միշտ էլ տոնական է լինում: Սակայն Գիտելիքի օրը առանձնահատուկ նշանակություն ունի հատկապես առաջին դասարանցիների և առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանք բոլորն էլ սկսում են կյանքի մի նոր փուլ:
Յուրաքանչյուր ծնող, որը դպրոցական տարիքի երեխա ունի, ձգտում է, որ իր երեխան ներկայանալի տեսք ունենա. նրանք թե հոգեբանորեն, թե ֆինանսապես պատրաստվում են սեպտեմբերի 1-ին: Իսկ այն ծնողները, որոնց երեխան պետք է գնա առաջին դասարան, ապա նրանք առավել առանձնահատուկ են պատրաստվում: Նրանք փորձում են անել առավելագույնը, որպեսզի այդ օրը երեխաների հիշողության մեջ վառ տպավորվի:
Սեպտեմբերի 1-ը կարևոր նշանակություն ունի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար: Այսօր նրա որդին՝ Գոռը, առաջին անգամ ոտք դրեց դպրոց: Նախարարը նախընտրել է որդուն տանել Ն.Աղբալյանի անվան թիվ 19 դպրոց: «Նախորդ տարիներին որպես ԿԳ նախարար պատասխանատվություն ունեի սեպտեմբերի 1-ին յուրաքանչյուր աշակերտի հետ գնալու դպրոց, այսօր նաև դրան գումարվել է անձնական մեծ ուրախությունն իմ ընտանիքում: Առաջնեկս առաջին անգամ ոտք է դրել այս կրթօջախ՝ պաշտոնականն ու անձնականը միախառնվելով նոր երանգ են տվել այս օրվան»,- Pamorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նշեց, որ ինքն առաջին անգամ դպրոց գնացել է 1982 թ-ին, դրանից 30 տարի անց որդուն է դպրոց տանում:
Նրա խոսքերով՝ որպես ծնող իրենց համար պարտավորությունների նոր էտապ է սկսվում: «Դպրոցականի ծնող լինելը և ԿԳ գործող նախարար լինելն իհարկե դժվար է»,- խոստովանեց Ա.Աշոտյանը:
Նախարարը նշեց, որ երեխան այսօր հաճույքով է դպրոց եկել: Նրա հետ երկար բացատրական աշխատանք են տարել, խրախուսել են, և հուսով է, որ ամեն ինչ հարթ կընթանա, և երեխան մեծ սիրով և պատասխանատվությամբ դպրոց կհաճախի: «Եթե ես ամբողջությամբ չհասցնեմ իմ ծնողական հոգացությունը դպրոցահասակ որդուս հանդեպ ապահովել, ապա դա կանի կինս և տատիկները»,- ասաց Ա.Աշոտյանը:
Նախարարից փորձեցինք պարզել, թե արդյոք հիշում է դպրոցական առաջին սեպտեմբերի 1-ը, Ա.Աշոտյանը նշեց, որ եթե ասի, որ ամբողջությամբ հիշում է, ճիշտ չի լինի, բայց հիշում է, որ տարրական դասարաններից սկսած մեծ սիրով է դպրոց հաճախել:
Կրթությունը, ուսումը միշտ էլ կարևոր է եղել հայերի համար: Բոլոր ծնողներն էլ ցանկանում են, որ իրենց երեխաները լավ սովորեն, որպեսզի լավ մարդ դառնան: 6-ամյա Նարեկի մայրիկը, ով որդու ձեռքից պինդ բռնած մտնում էր դպրոց, հուզված, խառնված ասաց, որ սիրտը տրոփում է, այս օրն իր համար պատասխանատու օր է. «Այնքան հուզված եմ, որ խոսել չեմ կարողանում: Միակ որդուս դպրոց եմ բերում: Ցանկությունս մեկն է, որ լավ մարդ դառնա, մեծ հույսեր ունեմ նրա հետ, մեծ երազանքներ: Հուսամ ինձ հուսախաբ չի անի»: Նրա խոսքերով՝ Ն.Աղբալյանի անվան դպրոցը ոչ միայն ընտրել է նրա համար, որ այն բավականին հայտնի է, այլև իրենց տան մոտ է. կարևորը երեխան փողոց չի անցնի:
Փոքրիկ Մարին էլ, ում ոչ միայն ծնողներին էին դպրոց բերել, այլև տատիկներն ու պապիկները, ծաղկեփունջը ձեռքին զարմացած շուրջբոլորն էր նայում: Նա խոստովանեց, որ չէր սպասում, որ այսքան շատ երեխա կտեսնի: Մարին մի պահ հուզվեց, ծնողներին ասաց, որ ուզում է տուն գնալ, միայն երկար զրուցելուց հետո փոքրիկի դեմքին ժպիտ հայտնվեց: Ծնողները նշեցին, որ նա ինքնամփոփ երեխա է, սակայն կարծում են, որ դպրոցը երեխային կփոխի:
«Ես ուզում եմ, որ իմ երեխան լավ սովորի: Այսօր մի քիչ ժամանակները փոխվել են. այնքան էլ շատ չեն այն երեխաները, ովքեր ուզում են գիտելիքի շնորհիվ ինչ-որ բանի հասնել: Սակայն պետք է այնպես անեմ, որ իմ երեխան չլինի հենց դրանց շարքերում: Հաճախ եմ որդուս ասում` պետք է լավ սովորես, որ կարողանաս լավ տեղ աշխատես, հայրիկիդ նման խելացի լինես»,- ասաց առաջին դասարան հաճախող Դավիթի մայրը:
Սոնայի հայրն էլ նշեց, որ գիտելիքը միշտ էլ հարկավոր է, կրթված ու գիտակ մարդիկ միշտ էլ հարկավոր են: «Ես նույնպես այս դպրոցն եմ հաճախել, լավ կրթություն եմ ստացել, հուսով եմ, որ աղջիկս նույնպես լավ կրթություն կստանա, համենայնդեպս ես կանեմ հնարավորինը, որպեսզի երեխաներիս լավ կրթությամբ ապահովեմ»,- ասաց Մհերը:
Նշենք, որ Հայաստանում 2012-2013 թթ. ուսումնական տարվա առաջին օրը իրենց դռները բացել են 1400 դպրոց: Այս տարի առաջին դասարան կհաճախի շուրջ 37000 երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան