Արգենտինայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Տեղի կունենան Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարների բանակցությունները և համատեղ մամլո ասուլիսը:
Հեկտոր Մարկոս Թիմերմանը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հայոց ցեղասպանությունն(Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: