«Արցախում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ և փոխշահավետ համագործակցության համար»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է մոտ հինգ տասնյակ լիբանանահայ գործարարների: Իր խոսքում Նախագահը նշել է, որ լիբանանահայությունը մեր Սփյուռքի ամենակայացած և կազմակերպված համայնքներից մեկն է, որը միշտ կանգնած է եղել Մայր Հայաստանի ու Արցախի կողքին և մեծ ներդրում ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, նրա առջև ծառացած տարբեր խնդիրների լուծման գործում:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում չափազանց կարևորում են Լիբանանի հայ համայնքի հետ կապերի ընդլայնումն ու խորացումը՝ հավելելով, որ այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները գործարարության զարգացման, քաղաքակիրթ և փոխշահավետ համագործակցության համար:
Հանդիպման վերջում Նախագահ Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: