Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները:
ԿԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, սիրիահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով քննարկվել է Երևանի դպրոցներից մեկում, Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան, նոր դպրոց հիմնելու հարցը: Քննարկվել են մի քանի տարբերակ դպրոցի տարածքի հետ կապված: Կրթական գործընթացի վերահսկողությունը կիրականացվի ՀՀ ԿԳՆ-ի կողմից նշանակված պատասխանատուի կողմից, ով նախարարի առաջարկով պետք է լինի սիրիահայ համայնքի ներկայացուցիչ:
Դասագրքերի ու կրթական ծրագրերի խնդիրն առաջիկայում կլուծվի համայնքի կողմից. դրանք պետք է բերվեն Սիրիայից, իսկ սիրիահայ երեխաներին կդասավանդեն այնտեղից եկած ուսուցիչները: Սիրիահայերի դպրոցին ֆինանսապես աջակցելու խնդիրը կստանձնի Հայաստանի սցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը: Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Աշոտյանին զեկուցել են, որ այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը՝ հիմնական, 103-ը՝ ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Նկատի ունենալով, որ շատ երեխաներ Հայաստան են եկել առանց անձնական գործերի, ՀՀ ԿԳ նախարարը հանձնարարել է՝ անկախ հանգամանքներից՝ երեխաներին ընդունել դպրոց: «Իրենց ցանկությամբ և ընտրությամբ՝ սիրիահայ երեխաները կարող են հաճախել նաև սովորական հայկական դպրոց և կրթություն ստանալ հայկական ծրագրերով»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերում սովորող սիրիահայ ուսանողների կրթության կազմակերպման խնդիրներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան