Կարսի բերդը, Առաքելոցը, մզկիթ դարձած եկեղեցին և տխրահռչակ պայմանագրի վագոնը. Ֆոտոռեպորտաժ Կարսից
Հայկական «ծագմամբ» Կարսն այսօր սկսվում է Աթաթուրքով. ամենուր Թուրքիայի առաջնորդի նկարն է` խիստ հայացքով և իր նույնաբովանդակ, բայց տարբեր ձևակերպված կարգախոսներով` «Դու երջանիկ ես, որ թուրք ես», «Հայրենիքը սկսվում է քեզանից», «Նախևառաջ Թուրքիա»: Աթաթուրքի դեղնականաչավուն, մի տեսակ խորամանկ աչքերով հայացքը հանդիպում է թուրքական համարվող հին հայկական քաղաքների բոլոր անկյուններում` անցնում ես ավագ դպրոցի մոտով` Աթաթուրքի մեծ նկարն է, մտնում ես գումարի փոխանակման կետ` Աթաթուրքն է, քայլում ես` փողոցով` նրա մեծադիր արձանն է, անգամ հայ Բագրատունի թագավորների օրոք կառուցած Կարսի բերդի գլխին Աթաթուրքն է «նստած», իսկ կողքին ծածանվում է թուրքական դրոշը: Այս անկյունում ամեն ինչ ծրագրված է, որ մարդիկ չմոռանան, որ թուրք են, որ Աթաթուրքի հետնորդն են:
Աթաթուրքից հետո այս և թուրքական մյուս բնակավայրերում այցելուին հետապնդում են մզկիթները, որոնք թվում է` հնարել են քրիստոնեական հետքը ոչնչացնելու համար:
Հաղթանակի մզկիթ է դարձել Ալեքսանդր Նևսկի եկեղեցին, որտեղ թուրք կամ քուրդ տղամարդիկ մուտք են գործում կոշիկները հանած: Պետք է նկատել, որ այս մզկիթի դեպքում թուրքերը շատ անփույթ են աշխատել. եկեղեցու վրայի խաչը կազմող հորիզոնական գիծը հեռացրել են բավական անխնամ, այնպես, որ դրա հետքերը մնում են, և ամեն ինչից անտեղյակ մարդը կարող է հասկանալ, որ այդտեղ պատկերվածը խաչ է եղել:
Կարսի բնակչության հիմնական մասը քուրդ է, քաղաքն աշխուժ է. տղամարդիկ զբաղված են առևտրով, կանայք մազերի ծայրից մինչև ոտքերի ծայրը ծածկված են բոլոր հնարավոր ծածկոցներով: Միապաղաղ աշխուժության մեջ են նաև շենքերը գունավոր. բարձրահարկ չեն` առավելագույնը հինգհարկանի: Թուրքերի ճարտարապետական երևակայությունը սահմանափակվում է շենքերի վրա մի քանի զարդերի նկարներով:
Քաղաքից հայկական հետքերը` կամաց-կամաց վերացվում են. օրինակ Կարսի Մայր տաճարը կամ Առաքելոց եկեղեցին առանց խաչի է, իսկ կառույցի մասին պատմող ցուցանակում դրա հայկական ծագման մասին ոչ մի խոսք: Սուրբ Առաքելոցը կառուցվել է 940-ական թվականներին, Աբաս Բագրատունու օրոք: Օսմանյան թուրքերի գրավման ժամանակ այն վերածվում է մզկիթի, այնուհետև, երբ ռուսներն են գալիս` դառնում է ուղղափառ: Շատ կարճ ժամանակ, երբ 1918-ին Հայաստանի առաջին Հանրապետությունն է հռչակվում, Կարսի Առաքելոցը դարձյալ գործում է որպես հայկական եկեղեցի: Բայց դա տևում է մինչև 1920 թվականը, երբ Կարսի պայմանագրի կնքումից հետո այն հանձնվում է թուրքերին, իսկ եկեղեցին վերջնականապես վերածվում մզկիթի:
Կարսի տխրչահռչակ պայմանագիրը կնքվել է գնացքի մի փոքրիկ վագոնում, որն այժմ, որպես թանգարանային նմուշ, խնամքով պահպանվում է: Սպիտակ վագոնի վրա նկարված են թուրքական դրոշի լուսինն ու աստղը և Սովետական միության խորհրդանիշ աստղը` «РСФСР» գրությամբ, իսկ վագոնի դիմաց Կարսի պայմանագիրը թուրքական կողմից ստորագրած Քյազիմ Կարաբեքիր փաշայի կիսանդրին է:
Կարսի պատմական Կարուց բերդն այսօր դարձել է Թուրքիայի զբոսաշրջային խոշոր կենտրոն: Դեպի բերդ ճանապարհն սկսվում է Վարդանի կամրջով, իսկ բերդի պարիսպների տակ, կանաչների մեջ սրճարան է:
Կարս գետն անցնում է Վարդանի կամրջի տակով, որն իր անվանակոչության պատմությունն ունի. Կամրջի տակ չարքեր են եղել, ինչն էլ վախեցրել է մարդկանց, և քահանան ասել է` երբ մարդիկ կանչեն Վարդանին, չարքերը կհեռանան:
Կամրջից մի փոքր հեռու քանդված կառույց (դժվար է սակայն դա կառույց համարելը) է կանգնած: Կարս եկած բոլոր հայ զբոսաշրջիկներին ասում են, որ դա հայ մեծ բանաստեղծ Չարենցի տունն է, և եթե մի պահ մոռանանք բոլոր հերքումները, թե դա Չարենցի տունն է եղել, ապա նրա հայտնի բանաստեղծության տողերը հուշում են, որ այդ կառույցն իսկապես բանաստեղծի տունն է եղել` «Թողած Կարսում գետի ափին, տունը` շինված անտաշ քարով»:
Սա այն վագոնն է, որտեղ կնքվել է Կարսի տխրահռչակ պայմանագիրը
Աթաթուրքն է գումարի փոխանակման կետում
Հաղթանակի մզկիթ, Կարս. պարզ երևում է` ինչպես են վերացրել խաչի հորիզոնական գիծը
Կարսի բերդ
Վարդանի կամուրջ
Չարենցի հավանական տունը
Կարսի Առաքելոց եկեղեցի. տեսարան Կարսի բերդից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները