Պաշտպանի ուղերձը շուրջ 100 երկրների օմբուդսմեններին. Հունգարիան և Ադրբեջանը խախտել են ՀՀ քաղաքացիների իրավունքը
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր ուղերձ է հղել 100 երկրների օմբուդսմեններին ու մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին` ընդգծելով, որ առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա:
«Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը:
Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է ունեցել Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիայի ոգու և սկզբունքների խախտմամբ: Միջազգային իրավունքի համաձայն` պետությունը պարտավոր է պայմանագրի դրույթները կատարել բարեխղճորեն (pacta sunt servanda), ինչը տվյալ դեպքում չի արվել: Նույնիսկ եթե համարվի, որ Հունգարիան ձևականորեն պահպանել է համապատասխան կոնվենցիայի պահանջները, այդ դեպքում ևս, խախտվել է միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքը, քանի որ Հունգարիան կարող էր և/կամ պարտավոր էր կանխատեսել իր արտահանձնման ապօրինի հետևանքները:
Հավելենք, որ տվյալ դեպքում նաև անտեսվել են դասական պատժի նշանակման բոլոր նպատակաները: Այդ նպատակներն են` սոցիալական արդարության վերականգնումը, պատժի ենթարկված անձի ուղղումը, ինչպես նաև հանցագործությունների կանխումը: Իրենց գործողություններով Հունգարիան և Ադրբեջանը լիովին ձախողել են պատժի նշանակման բոլոր երեք նպատակները:
Սույն հայտարարությամբ անիմաստ է անդրադառնալ տվյալ գործով Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային սկզբունքների խախտման կոնկրետ հանգամանքներին, քանի որ դրանք ակնհայտ են յուրաքանչյուրի համար: Ավելին՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մշտական, համակարգային, տևական և զանգվածային խախտումները հանրահայտ են:
Հանդիսանալով մի շարք միջազգային կառույցների լիիրավ անդամ, այդ թվում՝ Օմբուդսմենների միջազգային ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների ազգային հաստատությունների, Օմբուդսմենների Եվրոպական ինստիտուտի, Ֆրանկոֆոն երկրների օմբուդսմենների, Ասիական երկրների օմբուդսմենների՝ կոչ եմ անում այլ երկրների Օմբուդսմեններին և մարդու իրավունքների պաշտպանության մյուս ազգային ինստիտուտներին խստորեն դատապարտել էթնիկ հողի վրա մարդասպանություն կատարած անձի արտահանձնումը Հունգարիայի իշխանությունների կողմից, ինչպես նաև սպասելի ազատ արձակումը ու հերոսացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից:
Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները