Հայաստանին շնորհվել է պատվոգիր` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ
Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի /UNEP/ և Օզոնի քարտուղարության կողմից ` շնորհվել է պատվոգիր` «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության 25-ամյակի կապակցությամբ:
ՀՀ բնապահպանության նախարարությունն այս բարձր պատվին է արժանացել գալիք սերունդների համար օզոնային շերտը պահպանելու գործում էական ներդրման, օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինմանն ուղղված շարունակական և հետևողական աշխատանքի շնորհիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից ու ներկայացնում այս ոլորտում ունեցած ՀՀ ձեռքբերումները:
1999թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիան, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը և պարտավորվում մինչև 2010թ. 100%-ով դուրս բերել գործածումից օզոնաքայքայիչ առավել վտանգավոր նյութերը:
2003թ. վավերացվում են Արձանագրության Լոնդոնյան և Կոպենհագենյան, իսկ 2008թ.`Մոնրեալյան և Պեկինյան ուղղումները:
2006թ. ընդունվում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» ՀՀ օրենքը, իսկ 2007թ.` այդ օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերը:
2005-2007թթ. առևտրային սառնարաններ արտադրող «ՍԱԳԱ» և աերոզոլներ արտադրող «Հայկենցաղքիմ» գործարաններում փոխարինվում են օզոնաքայյքայիչ նյութերով աշխատող հոսքագծերը, ուսուցանվում և համապատասխան սպասարկման սարքավորումներով են ապահովվում սառնարանային և օդի կոնդիցիոնացման սարքավորումների 712 վարպետներ, ուսուցանվում են 112 մաքսային ծառայողներ` օզոնաքայքայիչ նյութերի ապօրինի առևտուրը կանխարգելելու նպատակով:
Հանրապետության ամբողջ տարածքում իրազեկման բազմաթիվ և բազմաբնույթ սեմինարներ են անցկացվում օզոնային շերտի պահպանության մասին: Սեմինարներն ուղեկցվում են միջոցառումների մասնակիցներին համապատասխան գրականության և հուշանվերների բաշխմամբ:
2010թ.-ի հունվարի 1-ից դադարում է ՀՀ տարածք առավել վտանգավոր օզոնաքայքայիչ նյութերի ներմուծումը: Նախարարությունից հայտնում են, որ դեռևս շատ անելիքներ կան և Հայաստանը շարունակում է աշխարհի հանրության հետ պայքարել օզոնային շերտի վերականգնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա