«Այբ-Ֆե»-ն` «Արմնյուզի» եթերում
Սեպտեմբերի 10-ից «Ա1+»-ը վերադառնում է եթեր: «Այբ-Ֆե» տեղեկատվական վերլուծական ծրագիրը կթողարկվի «Արմնյուզի» փրայմ թայմում` երեկոյան ժամը 21.00-ին, երկուշաբթիից ուրբաթ: Այսօր ասուլիսում հայտարարեց «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը:
«Սա տեղեկատվական, վերլուծական ծրագիր է, որի խմբագրական աշխատանքներին «Արմնյուզը» չի միջամտելու: Այս համագործակցության նպատակն է հեռուստադիտողին տալ առավել մրցակցային տեղեկատվություն: Սա ընդունված է արևմուտքում, և այն տրամաբանական շարունակությունն է նաև մեր հեռուստաընկերության որդեգրած քաղաքականության»,-նշեց նա:
Հեռուստաընկերությունների միջև պայմանագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով:
«Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշեց, որ շեշտը դրվելու է մշակութային լուրերի վրա, որի պակասն այսօր զգացվում է: «Սա ինֆորմացիոն, անալիտիկ ծրագիր է լինելու, որտեղ կներկայացվի մեր առօրյան, մեր քաղաքական կյանքը, սակայն շեշտը կդրվի մշակույթի վրա, որը մեր երկրում փոքր-ինչ անտեսված է»,-ասաց Մ. Մովսիսյանը, ավելոցնելով, որ 12 տարվա ընդմիջման ընթացքում ունեցել ենքֆինանսական և կադրային կորուստներ, «սակայն ինձ համար հետաքրքիր է նոր, թարմ ուժերով անել հինը»:
Հիշեցնենք, որ 2010 թ.-ի դեկտեմբերին կայացած թվային հեռարձակման մրցույթում «Ա1+» հեռուստաընկերության ներկայացրած բիզնես առաջարկը պարտվեց «Արմնյուզ»-ին այն պատճառաբանությամբ, որ «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերը կեղծ են և չեն համապատասխանում իրենց չափանիշներին: «Ա1+»-ը այս որոշման կապակցությամբ դատի է տվել ՀՌԱՀ-ին:
Հարցին, իսկ արդյոք այս դատական պրոցեսը, որում որպես երրորդ կողմ, ներգրավված է «Արմնյուզը», չի խանգարի իրենց հարաբերություններին, Մ.Մովսիսյանը նշեց, որ սա բիզնես հարաբերություն է, և այն պետք է դիտարկել զուտ բիզնես դաշտում, իսկ գաղափարական տարաձայնություններ կան, սակայն դրանք պետք է տարանջատել աշխատանքից:
«Մենք դեռ դատավարության մեջ ենք, սակայն աշխատանքը շարունակվում է, մենք մեր իրավունքների տերն են, սակայն կարող ենք մեծ սիրով կատարել Արմնյուզի կողմից կատարված պատվերը, որովհետև աշխատանքը պետք չէ խառնել այլ հարցերի հետ: Մենք գաղափարական առումով չենք համապատասխանում, բայց սա ես չեմ համարում թշնամություն, այլ համարում եմ, որ մենք պետք է եզրեր գտնենք: Կարծում եմ, պետք է, որ ստացվի: Մրցույթի ժամանակ ՀՌԱՀ-ի կողմից սխալ մոտեցում է դրսևորվել, սակայն մեր հայցը հենց Արմնյուզի նկատմամբ չի եղել, այլ ՀՌԱՀ-ի, այդ պատճառով էլ մենք ՀՌԱՀ-ի հետ գտնվում ենք դատական պրոցեսի մեջ»,-ասաց Մեսրոպ Մովսիսյանը:
Հարցին, իսկ արդյոք, մտահոգություն չկա, որ փոքր ընկերությունը «կուլ կգնա» մեծին, նա նշեց, որ «Ա1+»-ը շատ փշոտ է՝ այն կուլ տալու համար: «Ես ինձ չեմ համարում փոքր, և կուլ տալու համար էլ փշոտ եմ, իսկ մտահոգություններ, իհարկե, կան, որովհետև առջևում քաղաքական պայքար է լինելու»,-ասաց «Ա1+»-ի նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան