Հայաստանն ու Իրանը շուտով համատեղ կշահագործեն Արաքս գետի վրա կառուցվելիք հիդրոէլեկտրակայանը
Շուտով տեղի կունենա Արաքս գետի վրա կառուցվելիք համատեղ հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:
Հայաստանի դեսպանը նշել է, որ նոր կառուցվելիք հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը կմասնակցեն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները:
Գրիգոր Առաքելյանը, անդրադառնալով Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերություններին, նշել է, որ ս.թ. հոկտեմբերին Երևանում տեղի կունենա հայ-իրանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Երևան կայցելի Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունը:
Հիշեցնենք, որ օրերս Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման կազմակերպության հերթական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին ընդգծել են, որ անհրաժեշտ է հետևողական լինել տնտեսական ոլորտում Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը:
Նախորդող տեղեկատվություն՝
Իրանում ՀՀ դեսպան. Մարդասպանին արդարացնելով՝ Ադրբեջանը վնասում է խաղաղ բանակցային գործընթացը
Ահմադինեժադ. ԼՂ կարգավորման հարցում Իրանի դիրքորոշումն անփոփոխ է