Խտրականությո՞ւն լրագրողների նկատմամբ. «Ասպարեզը» դատապարտում ու պահանջում է քրեական գործ հարուցել
«Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմը արգելել է նրա հետ հարցազրույցին մասնակցել մի շարք տեղական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, այդ թվում «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի, www.asparez.am կայքի, «Հինգշաբթի» շաբաթաթերթի, «Ցայգ» և «ԳԱԼԱ» ՀԸ լրագրողներին, «Ազատություն» ռադիոկայանի և «Առավոտ» օրաթերթի տեղական թղթակիցներին:
Մինչ Ս.Սարգսյանի` Գյումրու նորակառույց հիվանդանոցի բացմանը ժամանելը նախագահական պալատի մամուլի պատասխանատուն հավաքված լրագրողներին տեղեկացրել է, թե վերջինիս հետ ոչ մի հարցազրույց չի նախատեսված: Մինչդեռ` Գյումրու մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց կատարած շրջայցից հետո, հենց հիվանդանոցի ներսում կազմակերպվեց հարցազրույց, որին մասնակցել են երևանյան մի շարք լրատվամիջոցներ, Հ1 հեռուստաընկերության տեղական թղթակիցը և մարզի մյուս լրագրողների աչքի առաջ ներս են հրավիրել նաև «Շանթ» ՀՌԸ Գյումրու թղթակցին: Տեղական մյուս լրատվամիջոցների լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ լրատվամիջոցների միջև խտրականություն դրվեց և ինչո՞ւ մյուսներն էլ ներս չհրավիրվեցին` լրատվության պատասխանատուն պատճառաբանել է, թե «ներսում տեղ չկար» և առաջարկել է օգտվել իրենց արած հարցազրույցի տեսագրությունից, որն հրապարակվելու է ավելի ուշ»: Այս մասին ասված է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության հեղինակները նշում են, որ դատապարտում են տեղացի լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքը, այն գնահատում որպես խոսքի ազատության սահմանափակման խայտառակ դեպք, և խտրականություն նույն մասնագիտության ներկայացուցիչների տարբեր խմբերի նկատմամբ.
«Դժվարանում ենք կռահել այս վերաբերմունքի իսկական դրդապատճառները, գուցե աշխատակազմը մտահոգ է եղել, որ տեղացի լրագրողները չպլանավորած ու արտասցենարային հարցեր էին հղելու Սերժ Սարգսյանին: Իսկ ներսում տեղ չլինելու մասին պատճառաբանությունները ուղղակի ծիծաղելի են. հիվանդանոցը բազմաթիվ սպասասրահներ ու դահլիճներ ունի:
ՀՀ նախագահի աշխատակազմը պարտավոր է պատշաճ և հիմնավոր բացատրություններ ներկայացնել հանրությանն այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված այսօրվա խտրականությունը լրագրողների նկատմամբ»,- նշված է դրանում:
Նաև հրավիրվում է ՀՀ Ոստիկանապետի ուշադրությունը նկարագրված փաստերին ու պահանջ ներկայացվում քրեական գործ հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի առաջին մասի հատկանիշներով.
«…1. Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:…»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին