Հունգարիայի նախկին վարչապետ. Հունգարիայի իշխանությունը հայ ժողովրդի նկատմամբ ստոր և անընդունելի որոշում է կայացրել
Հունգարիայի Հանրապետության նախկին վարչապետ Ֆերենց Գյուրճանը, անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկելու Հունգարիայի իշխանության որոշմանը, «Facebook» սոցիալական ցանցի իր էջում նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ափսոսանքով տեղեկացա Հունգարիայի կառավարության այն որոշման մասին, որի համաձայն՝ Ադրբեջանին է հանձնվել Բուդապեշտում հայ զինվորին դաժանորեն սպանած ադրբեջանցին: Թույլ տվեք այս դեպքի կապակցությամբ հայտնել կարծիքս Ձեզ. հունգարական իշխանությունները հայ ժողովրդի նկատմամբ անընդունելի, ստոր և տարածաշրջանում լարվածությունը ուժեղացնող որոշում են կայացրել: Տեղեկացնում եմ Ձեզ, որ դեպքը մեծ վրդովմունք է առաջացել Հունգարիայի հասարակական շրջանակներում: Այդ առիթով Բուդապեշտում բողոքի ցույցերն են կազմակերպվում: Տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի կառավարությունն իմ վարչապետ եղած ժամանակ ևս բազմիցս խնդրել է արտահանձնել ոճրագործին: Երաշխիքների բացակայության պատճառով, որ դատապարտվածին ազատ չեն արձակի, իմ կառավարությունը որոշեց մերժել խնդրանքը:
Ափսոսանքով եմ նկատում, որ Հունգարիայի որոշումը կարող է դանդաղեցնել հայ-ադրբեջանական երկխոսությունը և մեծ վնաս պատճառել նաև հայ-հունգարական հարաբերություններին:
Որպես Հունգարիայի նախկին վարչապետ, ցանկանում եմ նշել, որ, հակառակ Հունգարիայի կառավարության այս քայլին, մեծաթիվ մարդիկ անհանգստություն են հայտնում ադրբեջանցի հանցագործին հանձնելու և վերջինիսի հանդեպ Ադրբեջանի ցուցաբերած վերաբերմունքի առթիվ: Թույլ տվեք ևս մեկ անգամ իմ համերաշխությունը փոխանցել և կրկնակի ցավակցություն հայտնել սպանված հայ սպայի` Գուրգեն Մարգարյանի ծնողներին և հարազատներին: Վստահ եմ, որ հայերի և հունգարացիների ընկերական հարաբերությունները ապագայում կարող են ուժեղանալ»:
Նյութի սկզբնաղբյուրը` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա