Գյումրու քաղաքապետի որդին երկիրը լքել է օդային ճանապարհով
«Ժողովուրդ»-ը գրում է, որ ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, օրերս երկիրը լքել է օդային ճանապարհով: Թերթի տեղեկություններով` Սպարտակը նախ մեկնել է Վրաստան, այնուհետև այնտեղից այլ երկիր է տեղափոխվել:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից պատասխանել են, թե առայժմ բոլոր վարկածները քննարկվում են, նախաքննությունը շարունակվում է:
Իսկ Վարդան Ղուկասյանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Ես ինֆորմացված չեմ և չգիտեմ, թե դուք ինչ եք ասում»:
Թերթը հիշեցնում է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում, քանի որ նրա անունը կապվում է օգոստոսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Սայաթ-Նովայի և Ռուսթավելու փողոցների խաչմերուկում գտնվող սրճարանի դիմաց հնչած կրակոցների հետ: Կասկածներ կան, որ հեղինակներից մեկը Սպարտակ Ղուկասյանն է: