Ռ. Քոչարյան. Եթե պարզվի, որ Ադրբեջանը խաբել է Բուդապեշտին, ապա հունգարացիների արժանի պատասխանը կարող է լինել ԼՂՀ ճանաչումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման վերաբերյալ:
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները զարմանք չեն առաջացնում: Սա այդ երկրում վաղուց փայփայվող հայատյացության չկշռադատված դրսևորում է: Հիշենք Սումգայիթը, հայերի ջարդերը Բաքվում և «շահիդների պուրակը», որը հավերժացնում է ջարդարարների հիշատակը:
Սրանում համոզվածությունն է ժամանակին ձևավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի անփոփոխ դիրքորոշումը` որևէ ձևով Ադրբեջանի կազմում ԼՂՀ գոյության անհնարինությունը:
Ադրբեջանում այնպիսի ատելությամբ են լցված հայերի նկատմամբ, որ մոռացել են բարոյականության սահմանների մասին: Մարդասպանին ներում շնորհելու հրամանագիրը ղարաբաղցիների` Անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է:
Ի դեպ, եթե հունգարական կողմի արձագանքից պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին և հանցավոր համաձայնություն չի եղել, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,-ասված է Ռ. Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները