Պաշտոնական Երևանը բանակցությունները դադարեցնելու մտադրություն չունի. ՀՀ ԱԳՆ (լրացված)
Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնումը և այդ երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելը արդեն իսկ բացասական ազդեցություն է ունեցել ԼՂ խնդրի կարգավորման բանակցությունների վրա: Այդ մասին այսօր Արգենտինայի արտաքին գործերի և պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նա ասաց, որ խնդրին անդրադարձել են նաև ասուլիսին նախորդած հանդիպման ժամանակ. «Մենք չէինք կարող չանդրադառնալ հունգարաադրբեջանական գործարքի հետևանքով վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Սաֆարովի հանցագործությունից ի վեր Ադրբեջանը հետևողականորեն փառաբանում էր այս սարսափելի ոճրագործությունը, անգամ այն աստիճան, որ մարդասպանին ներկայացնում էր որպես ադրբեջանցի երիտասարդության համար օրինակելի կերպար»:
Մեկնաբանելով այն լուրերը, թե հնարավոր է Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի հետ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ վարվող բանակցությունները, Նալբանդյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը նման մտադրություն չունի` հիշեցնելով, որ բանակցությունների ձախողմանն ուղղված քայլեր ու հայտարարություններ հաճախ անում է Ադրբեջանը:
«Փորձերը, դուրս գալ բանակցություններից, Հայաստանի կողմից չեն արվում, դրանք արվում են Ադրբեջանի կողմից: Ադրբեջանն է, որ մերժում է եռանախագահողների կողմից բոլոր առաջարկները»,-ասաց Նալբանդյանը, հիշեցնելով, որ Հայաստանը միշտ էլ դրական է արձագանքել համանախագահների հայտարարություններին, դիպուկահարներին շփման գծից դուրս բերման առաջարկին, իսկ Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, աննախադեպ կերպով ավելացնում ռազմական բյուջեն, նոր սադրանքների գնում շփման գծում:
«Միջազգային հանրությունը չի կարող հանդուրժել, որ Ադրբեջանը բանակցությունների քողի տակ շարունակի իր այդ արկածախնդիր քաղաքականությունը, որը լուրջ սպառնալիք է տարածշրջանի խաղաղության և անվտանգության համար և հղի է լուրջ վտանգներով նաև միջազգային անվտանգության ու կայունության համար», ասաց ՀՀ արտգործնախարարը:
Նրա խոսքով, միջազգային հանրության մոտ մեծ մտահոգություն է առաջացրել ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի քայլը, նման գործարքը: «Ինչպե՞ս կարող էր Հունգարիան ձևացնել, որ հավատում է Ադրբեջանին և գնար նման կասկածելի քայլի: Սեփական երկիրն ամբողջությամբ թաղելով կոռուպցիայի մեջ, ադրբեջանական իշխանությունները փորձում են դա արտահանել այլ երկրներ և տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ»,-նկատեց Նալբանդյանը, հիշեցնելով, որ միջազգային մամուլն էլ բազմիցս անդրադարձել է Ադրբեջանում առկա կոռուպցիային:
Նալբանդյանն ընդգծեց, որ սա լուրջ նախազգուշացում է այն երկրներին ու քաղաքական գործիչներին, որոնց մոտ այսպիսի գործարքների գնալու մտադրություն է առաջանում:
Լրագրողները ասուլիսի ընթացքում կատարավածի վերաբերյալ խնդրեցին Արգենտինայի ԱԳ նախարարի մեկնաբանությունը, ինչին ի պատասխան Թիմերմանն ասաց, որ Երևանում է Հայաստանի և Արգենտինայի հարաբերությունները խորացնելու նպատակով և խորհուրդ տվեց հարցեր ուղղել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ: Հյուր պաշտոնյան ասաց, որ իր երկիրը կողմ է խաղաղ բանակցություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան