Վ. Օսկանյանն առիթի դեպքում հանդիպում է Ռ. Քոչարյանին
«168 ժամ»-ին տված հարցազրույցում ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե նախագահական ընտրություններում իր թեկնածության հարցը հանվել է «Բարգավաճ Հայաստանի» օրակարգից, ասել է. «Նախագահական ընտրությունների հետ կապված ես որևէ բան չեմ ուզում ասել, որևէ մեկի ասածը չեմ ուզում մեկնաբանել: Նաև ասեմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում դեռևս նախագահական ընտրությունները քննարկման առարկա չեն դարձել, այնպես որ, բոլոր վերլուծություններն ու եզրակացությունները, որոնք արվում են, դրանք զուտ ենթադրություններ են և որևէ հիմք չունեն»:
Թերթի այն դիտարկմանը, թե՝«Ձեր անունը շարունակում է կապվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ոմանք կարծում են, որ Դուք Քոչարյանի ներկայացուցիչն եք ԲՀԿ-ում», Օսկանյանը պատասխանել է. «Ես Ռոբերտ Քոչարյանի հետ 10 տարի աշխատել եմ որպես արտգործնախարար, լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ: Այսօր պարոն Քոչարյանը, թերևս, չունի ներգրավվածություն քաղաքականության մեջ և չի հայտնել, թե ինչ է ուզում անել: Իմ մասով վես արդեն հստակ որոշում եմ կայացրել՝ ներգրավվել եմ քաղաքականության մեջ»:
Հարցին, թե՝ «նախագահական ընտրություններում որպես ԲՀԿ-ի հնարավոր թեկնածու՝ շատ է արծարծվում նաև Ռ. Քոչարյանի անունը: Դուք նրա վերադարձը հավանական համարո՞ւմ եք», Օսկանյանը պատասխանել է. «Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ: Եթե Քոչարյանն ինքն ասած լիներ, որ ուզում է վերադառնալ, ուզում է թեկնածու լինել, նոր կարելի էր կարծիք հայտնել, բայց նման հայտարարություն դեռևս չկա:
«Ի դեպ, Դուք շարունակո՞ւմ եք հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ»,-հարցին Օսկանյանը պատասխանել է. «Այո, երբ առիթ լինում է, հանդիպում եմ»:
Պատասխանելով թերթի այն դիտարկմանը, թե՝ «իշխող ՀՀԿ-ն ասում է, որ եթե կողմ չեք ներկայիս իշխանությանը, դրա այլընտրանքը ԲՀԿ-ն է: Սա չի՞ նշանակում, որ ԲՀԿ-ին «այլընտրանքային» դարձնելը պարզապես իշխանական մի ծրագիր է», Օսկանյանն ասել է. «Բացարձակապես ոչ: Այսօր Հանրապետականին երևի ընդհանրապես ցանկալի չէ որևէ այլընտրանք ունենալ, որովհետև նա այսօր իշխանություն է և ուզում է մնալ իշխանություն»: Վ. Օսկանյանը քննադատել է կառավարությանը՝ նշելով. «Ես բազմիցս ասել եմ, որ այս կառավարությունը մեր նորագույն պատմության մեջ ամենաանարդյունավետն է եղել: Կառավարության որդեգրած տնտեսական գիծը որևէ դրական արդյունք չի տվել: ԲՀԿ-ի և այսօրվա կառավարության տնտեսական քաղաքականության մեջ էական տարբերություններ կան»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները