«Հարսնաքար»-ը պայթեցնել սպառնացող փոխգնդապետի գործն ուղարկվել է դատարան
«Հարսնաքար» ռեստորանային համալիրը ՊՆ բուժծառայության սպա Վահե Ավետյանի մահվանից հետո պայթեցնելու փորձ կատարած Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի քրեական գործն ուղարկվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։
Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քր. Օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։ Մերի Սարգսյանի փոխանցմամբ, Սամվելյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքին ավելացել է ևս մեկը` նույն հոդվածի 4-րդ կետը` ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վարդան Սամվելյանը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ, փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն: