CityBugs.am. Ի ՞նչ է կատարվում մայրաքաղաքի այս կամ այն մասում՝ նորագույն տեխնոլոգիաներն ի նպաստ Երևանի բարեկարգման
Սեպտեմբերի կեսերին կգործարկվի Citybugs.am կայքը, որի նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք առկա են Երևանում: Կայքը պատրաստվել է X-TECH ընկերության կողմից, ներկայացվել BarCamp Yerevan 2012 միջոցառմանը Երևանում և Campus Party Europe Եվրոպայի ամենախոշոր ՏՏ միջոցառմանը` Բեռլինում:
Ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց X-TECH ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Աղաջանյանը, Citybugs.am կայքը սոցիալական հարթակ է, որը նախատեսված է Երևանի կոմունալ և այլ խնդիրների մասին բարձրաձայնելու համար: Կայքի օգտատերերը կայքի միջոցով կարող են հայտնել, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի այս կամ այն մասում: Կայքը կապված է Google Maps ծրագրի հետ, որն ապահովում է կայքի ինտերակտիվություն, ինչը հնարավորություն է տալիս քարտեզի վրա ցույց տալ խնդրի վայրը և համեմատել քաղաքի տարբեր համայնքներում լուծված և չլուծված խնդիրների առկայությունը:
Հ.Աղաջանյանի խոսքերով՝ կայքը նախատեսված է ոչ միայն բողոքների, այլ նաև առաջարկների համար: Ըստ նրա՝ կայքում առանձնացված են մի քանի ոլորտներ՝ կոմունալ տնտեսություն, շինարարություն և բարեկարգում, քաղաքաշինություն, առողջապահություն, բնապահպանություն, մշակույթ և կրթություն:
«Այն նպատակ է հետապնդում բարելավելու և տեսանելի դարձնելու բարեփոխումները քաղաքաշինության ոլորտում, բարելավելու հետադարձ կապը հասարակության հետ, ապահովելու Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու բարձրացնելու բնակչության իրազեկվածության աստիճանը Երևանի կոմունալ խնդիրների վերաբերյալ»,- ասաց Հ.Աղաջանյանը՝ հավելելով, որ փորձում են համագործակցել նաև Երևանի քաղաքապետարանի հետ: «Կարծում եմ՝ այս կայքը մայրաքաղաքի բարեկարգման գործում էապես կօգնի քաղաքապետարանին»,- ասաց նա:
Նշվեց նաև, որ կայքում գրանցումը կլինի անվճար: Կայքի մոդերատորների կողմից կուսումնասիրվի կայքում ավելացված խնդիրների վերաբերյալ ամբողջ ինֆորմացիան և կնշվի, թե արդյոք տվյալ խնդիրը վստահելի աղբյուրից է , թե ոչ:
Հարցերի և առաջարկների համար կարելի է միանալ Citybugs.am-ի ֆեյսբուքյան էջին ու ներկայացնել դրանք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին