Ադրբեջանը սպառնում է իր քաղաքացիներին
Ադրբեջանի քաղաքացիներ Ռաշադ Սաֆարովին, Էլդար Ալիևին, Անար Իմանովին, Լալա Սաֆարովային, Հուսեյն Ջաֆարովին, Վուգար Ալիևին և Գյուլնարա Մամեդովային հորդորում ենք առաջիկա շրջանում (առնվազն մինչև Ադրբեջանում նախագահական ընտրությունները) զգույշ լինել: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ ձեր կառավարությունն իր` գետնին հավասարեցված պատիվը փրկելու համար որոշել է ձեզ զոհել:
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին «ԱՍԱԼԱ»-ին վերագրված մի հայտարարություն, որտեղ ուղիղ սպառնալիք կա ադրբեջանցի դիվանագետների հասցեին և հնչում է խոստում. «Մոտ ապագայում ադրբեջանական բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները կսպանվեն` մինչև այժմ երբեք չկիրառված միջոցով»:
Այն, որ նամակը կեղծ է և հիմարություն է պարունակում, ոչ մի լուրջ մարդու մոտ կասկած թողնել չի կարող: Ի վերջո, «ԱՍԱԼԱ»-ն 1980-ականների վերջից ի վեր և անգամ արցախյան պատերազմի տարիներին որևէ գործողություն չի իրականացրել: Փաստ է, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո, ԱՍԱԼԱ-ն դադարեցրել է գործունեությունը:
Երկրորդ` ԱՍԱԼԱ-ն որևէ անգամ նախապես չի հայտարարել իրականացվելիք գործողության մասին:
Իսկ որ ԱՍԱԼԱ-ի անունից հրապարակված նամակի հետևում Ադրբեջանն է, ապացուցվում է ոճաբանական-լեզվաբանական փորձաքննությամբ: Արդյունքում պարզվում է, որ Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնածներն իրենց գործողություններում ոչ միայն փնթի են ու տմարդի, այլև` աչքի են ընկնում հիմարությամբ:
Տեսեք` միայն հիմարը կարող է մտածել, որ ԱՍԱԼԱ-ն սպառնալիքներով լի նամակ է ուղարկում և այն էլ` թուրքերենով` Բաքվի ակցենտով: Միայն հիմարի մտքով կանցնի խոսել Հայոց ցեղասպանության մասին, անդրադառնալ զոհերին ու ներկայացնել Թուրքիայի կողմից առաջարկված ու ադրբեջանական քարոզչության կողմից շրջանառության մեջ դրված 600 հազար թիվը (իրականում ցեղասպանությանը զոհ են գնացել 1.5 մլն մարդիկ և դա անժխտելի փաստ է):
Էլ ավելի մեծ հիմարություն է ադրբեջանական ամենատարբեր քարոզչական կլիշեները մեկ «սպառնալիքի» մեջ տեղավորելու մոտեցումը: Նամակից ստացվում է, որ Բաքվի պրոպագանդիստների ուղեղում տպավորված ենթադրյալ ԱՍԱԼԱ-ն խոստովանում է, թե Խոջալուում սպանել է ադրբեջանցիների ու այսօր էլ ամեն օր սպանում է, աջակցում ու հրահանգներ է տալիս Քրդական բանվորական կուսակցությանն ու ամենակարևորը` համարում է, որ Հայաստանը շրջափակել են սիոնիստները: Ցանկը աշխատել են երկար լինի, որ գոնե մի տեղից օգնեն աղմուկ բարձրանա: Ծիծաղելի է:
Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանի քարոզչության համար պատասխանատուների շրջանում խելոք մարդու խիստ դեֆիցիտ կա: Այլապես իրենք իրենց ծիծաղի առարկա չէին դարձնի:
Ի վերջո` Բաքվում կարող էր գտնվել ինչ-որ մեկը և հուշեր, որ միակ բանը, որ պետք է Հայաստանին` «Ռամիլի ողջությունն է»։
Եթե լուրջ վերաբերվենք այս նամակին, որն ակնհայտորեն գրել են Ալիևի աշխատակազմում (հավանաբար, այն նույն անձինք, ովքեր խորհուրդ էին տվել առավելագույն ցինիզմ դրսևորել ու Սաֆարովին ներում շնորհել օդակայան հասնելուց անմիջապես հետո), ապա կարելի է լրջորեն կասկածել, որ վարչակարզմն իր պատիվը փրկելու նպատակով մտադիր է զոհեր տալ (բնականաբար` մեղքը հայերի վրա բարդելու նպատակով):
Ուստի նշված անձանց, ամենայն լրջությամբ, խորհուրդ ենք տալիս զգույշ մնալ: