Իրանի փոխնախագահն Ադրբեջանին մեղադրել է Կասպից ծովի բնապահպանական խնդիրներն անտեսելու մեջ
Կասպից ծովի աղտոտման հիմնական աղբյուրն Ադրբեջանն է:
Այդ մասին իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ փոխնախագահ, Բնության պահպանության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադի Զադեն:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան, Ադրբեջանին քննադատելով Կասպից ծովն աղտոտելու մեջ, վերջինիս հորդորել է ուշադրություն դարձնել ծովի ջրային ռեսուրսներին և բնապահպանական խնդիրներին:
Հավելենք, որ վերջերս ԻԻՀ Բնության պահպանության կազմակերպության փոխնախագահ Աբդոլռեզ Քարբասին նշել էր, որ Կասպից ծովի առափնյա Գիլան նահանգի արևելյան հատվածում մասնագետների կողմից կատարած հետազոտությունները ցույց են տվել, որ Ադրբեջանին պատկանող նավթային աշտարակներից նավթի մնացորդներ են հայտնվել ծովում, որոնք վտանգում են Կասպից ծովի էկոհամակարգը:
Այդ առնչությամբ՝ Աբդոլռեզ Քարբասին օրերս հայտարարել էր, որ Իրանը որոշել է միջազգային ատյաններին բողոք ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի:
Նշենք, որ մերձկասպյան 5 երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի վերաբերյալ որոշակի տարաձայնություններ ունեն, Իրանն առաջարկում է այն բաժանել 5 հավասար մասի: Այդ առնչությամբ Թեհրանը պնդում է, որ մինչև Իրանի շահերը Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում առավելագույնս ապահովված չլինեն, Իրանը ծովի բաժանման ոչ մի տարբերակի հետ չի համաձայնվի: