Առավոտ. Դրոշ այրելը հուսահատ քայլ է
«Առավոտի» խմբագրականը երկրի խորհրդանիշերն այրելու թեմայով է: «Հունգարիայի իշխանությունները ստոր, աններելի արարք են իրենց թույլ տվել` դա անելով փողի դիմա՞ց, թե՞ ձրի, տվյալ դեպքում կարևոր չէ: Նրանց արդարացումները, թե ադրբեջանցիներն իրենց «քցել են», իհարկե` մաքուր դերասանություն են: Եվ ի՞նչ: Այրել այդ երկրի դրո՞շը: Իհարկե՛ ոչ, և այդ հարցում ՀՀ նախագահը իրավացի է: Վաղը Հունգարիայում կլինի ուրիշ իշխանություն, որը կունենա այլ մոտեցումներ՝ պետական խորհրդանիշն այդ ամենի հետ կապ չունի:
Թուրքական իշխանությունները սարսափելի ոճրագործություններ են գործել մեր ժողովրդի դեմ, և նրանց այսօրվա հետնորդներն իրենց ուսերի վրա են վերցրել այդ բոլոր հանցագործությունները` ժխտելով դրանք: Բայց ամեն տարի ապրիլի 23-ին թուրքական դրոշն այրելը մեզ ոչինչ չի տալիս: Բեյրութում կամ Գլենդելում հայ երիտասարդները կարող են դա անել, բայց այստեղ հայերը ստեղծել են, լավ թե վատ, պետություն, որն ազգի կազմակերպման ավելի բարձր ձև է, քան համայնքը: Եվ այդպես կազմակերպված ազգը պետք է հարգանք ունենա ուրիշների` նման կազմակերպության նկատմամբ, անկախ նրանից` այն բարեկամական է, թե թշնամական:
Դրոշ վառելն ինձ թվում է հուսահատ քայլ, որը բնորոշ է թույլերին` մարդկանց խմբին, որն այլ ձևով չի կարողանում իր ճշմարտությունն ապացուցել տվյալ պետությանը: Նախնադարյան ժամանակաշրջանում ծիսակատարության, կախարդանքի նման մի բան է»,- գրում է հեղինակը: