Կ. Սիվկով. Այս պահին Երևանի հետ պատերազմելը Բաքվի համար ինքնասպանություն կլինի
Ռուսական «Սվոբոդնայա պրեսա» («Ազատ մամուլ») պարբերականը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. Սարերի համար պատերազմը սարերի հետևում չէ՞» վերնագրով ծավալուն հոդվածով http://svpressa.ru/war21/article/58352/ անդրադարձել է, այսպես կոչված, «Սաֆարովի գործի» արդյունքում Հարավային Կովկասում լարվածության աճին և փորձագիտական գնահատականների միջոցով անդրադարձել է պատերազմի հավանականությանն ու դրա հավանական ելքերին: Հիշեցնելով, որ վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական միջոցներ է ներդրել բանակի վերազինման ու արդիականացման գործում՝ հոդվածագիրը հարցում է անցկացրել փորձագետների շրջանում՝ պարզելու համար, թե ինչ արդյունք կարող է ապահովել Ադրբեջանի նման սպառազինումն ու ռազմատենչ հռետորաբանությունը:
Ստորև ներկայացնում ենք Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի նախագահ, առաջին կարգի կապիտան Կոնստանտին Սիվկովի հետ պարբերականի հարցազրույցը.
- Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կհանգեցնի՞ նոր պատերազմի Անդրկովկասում:
- Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը նրա անկախության ճանաչման միջոցով կդառնար Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ մշտական վեճի արդյունավետ ելքը: Դա փոխզիջումային լուծում կլիներ: Այդ դեպքում այնտեղ կարող են վերադառնալ ադրբեջանցիները, և հնարավոր կլինի ստեղծել խառը բնակչություն՝ նրանցից ու հայերից: Այդպիսով` այդ սահամանային, բուֆերային պետության ներսում խաղաղություն կհաստատվի: Լեռնային Ղարաբաղը կդադարի երկու երկրների միջև անընդհատ հակամարտություն լինելուց:
- Ադրբեջանը հազիվ թե համաձայնի այդ տարբերակին: Նախագահ Ալիևը բազմաթիվ անգամներ հայտարարել է, թե Ղարաբաղը «ժամանակավորապես օկուպացված է թշնամու կողմից» և «բանակցային գործընթացն անվերջ տարվել չի կարող»: Հնչել են նաև ուժի կիրառման մասին հայտարարություններ:
- Ադրբեջանի կողմից ռազմատենչության մասին խոսելիս պետք է նկատել, որ նրա ժողովուրդը լավագույն ժամանակները չի ապրում: Առկա պայմաններում Ալիևի անկում ապրող հեղինակությունը վերականգնելու միակ միջոցը կլիներ փոքրիկ հաղթական պատերազմը: Սա ձախողակ ռեժիմների հայտնի պատմությունն է, երբ նրանք ներքին խնդիրները փորձում են լուծել փոքրիկ ռազմական հաղթանակով: Նախանշաններ կան, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ է խոսքից գործի անցնել:
-Բայց այդ երկրի ՀՆԱ-ն հինգ տարում 2,6 անգամ աճել է:
- Ադրբեջանում տնտեսության մեջ որոշակի հաջողություններ գոյություն չունեն: Երկիրը նստած է նավթային եկամուտների վրա, ոչ մի արդյունաբերական կամ գիտա-տեխնիկական զարգացում այնտեղ չկա: Եթե երկրի ներսում ամեն ինչ կարգին լիներ, ժողովրդի համար այնպիսի ցավոտ թեմա, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, ժամանակ առ ժամանակ բարձրացնելու կարիք չէր լինի:
- Բայց եթե Ադրբեջանը պատրաստ է ռազմական գործողություններ սկսել, ապա որքանո՞վ է հեռատեսական մեր կողմից նրա բանակի զինումը: Մենք Բաքվի հետ շատ ակտիվ ռազմա-տեխնիկական համագործակցություն ենք իրականացնում: Բայց եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա մեր զինվորներն այնտեղ կզոհվեն մեր իսկ վաճառած զենքերից:
-Եվ Ադրբեջանի բանակը, և Հայաստանի բանակը Խորհրդային Միության Զինված ուժերի բեկորներն են: Ռազմա-տեխնիկական ոլորտում մենք երկուսի հետ էլ սերտ կապեր ունենք: Ու մեզ ձեռնտու չէ, որ նրանցից որևէ մեկն անցնի սպառազինությունների ՆԱՏՕ-ական միջոցներին: Ուստի, եթե Ադրբեջանը մեզ խնդրում է իրեն որևէ բան վաճառել, մենք անում ենք դա: Նույնը անում ենք Հայաստանի դեպքում:
-Եթե հարցը դիտարկենք ռազմական տեսանկյունից՝ հակամարտության վերսկսման դեպքում ո՞վ հաղթանակ կտանի: Ադրբեջանը տարիներ շարունակ ամրապնդում է բանակը սպառազինության ժամանակակից միջոցներով:
-Պետք է հիշել, որ հաղթանակը տրվում է ոչ միայն սպառազինության քանակի ու որակի շնորհիվ, այլ զինվորների բարոյական ոգու շնորհիվ: Ավելին՝ բարոյական ոգին ռազմի դաշտում նախկինի պես որոշիչ դեր ունի, ինչի վկայությունն է ամերիկյան զորքերի ձախողումն Իրաքում և Աֆղանստանում: Իրաքում իշխանության եկան պրոիրանական շիաները, իսկ Աֆղանստանում նախկինում ջախջախված թալիբները, որ կրկին կողմնորոշված են դեպի Իրանը, աստիճանաբար իշխանությունը հետ են վերցնում: Եթե համեմատենք հայկական ու ադրբեջանական բանակները, ապա պետք է խոստովանել, որ հայերի մոտ բարոյական ոգին բազմակի անգամ բարձր է: Ավելին՝ ադրբեջանցիները որպես մարտիկներ պատմական տեսանկյունից իրենց լավագույնս չեն դրսևորել: Մասնավորապես՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ:
Բայց եթե անգամ հաշվի առնենք ադբեջանական ու հայկական բանակների ռազմական ներուժը, Բաքուն հաջողության հասնելու հնարավորություններ քիչ ունի: Իսկապես զորքերի քանակով և որոշ դեպքերում նաև որակով Ադրբեջանը հակառակորդի նկատմամբ առավելություն ունի, բայց Լեռնային Ղարաբաղը զորքերի քիչ ծավալի տարողունակություն ունի: Լեռնային լանդշաֆտը հաշվի առնելով՝ այնտեղ կարելի է առավելագույնը 2-3 դիվիզիա տեղակայել: Այդքան կողմերից յուրաքանյուրն էլ ունի: Ուստի ռազմական գործողություններն այդ շրջանում կընթանան համադրելի քանակով զորախմբերով: Երկու կողմն էլ օդուժ ունեն, և նրանց ուժերը գրեթե հավասար են, բայց ավիացիայի կիրառումը դժվար կլինի՝ կրկին տեղանքի առանձնահատկությունների պատճառով:
Ըստ որում, համեմատել երկու պետությունների ուժերը՝ առանց հաշվի առնելու Ռուսաստանին՝ որպես ռազմական խաղացողի, սխալ է: Քանի որ Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմական բազան: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Կնշանակի, նրա վրա հարձակման դեպքում մենք պարտավոր ենք ռազմական օգնություն ցուցաբերել: Բացի այդ, Հայաստանը մեզ հետ մտնում է միասնական ՀՕՊ համակարգի մեջ, որին Ադրբեջանն անկասկած բախվելու է: Ուստի այս պահին Երևանի դեմ պատերազմի մեջ մտնելը Բաքվի համար ինքնասպանություն կլինի: