Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատավարությունը դուրս է եկել փակուղուց
Պոռնոսկանդալի կենտրոնում հայտնված դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու` Կարեն Արայանի դատավարությունը, որը երկար ժամանակ փակուղում էր հայտնվել, շուտով կավարտվի: Դատավարության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել են բոլոր վկաները և գործընթացը մտել է դատական ապացույցների հետազոտման փուլ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանն ասաց, որ այժմ գոհ է դատական պրոցեսից և հրաժարվեց մանրամասներ փոխանցել: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 27-ին:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ դատավարությունը մտել է փակուղի, վկաները այս կամ այն պատճառով հրաժարվում են դատարանում ցուցմունք տալ և Կարեն Արայանն էլ, ի նշան բողոքի, կարել էր բերանը ու հացադուլ հայտարարել: Արայանն այդպիսով իր բողոքն էր արտահայտել ապօրինի ազատազրկման և իր նկատմամբ առաջադրած անհիմն մեղադրանքի համար: Ավելին, Արայանը Հայաստանի նախագահին, Գլխավոր դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին, Արդարադատության նախարարին և ԱԺ նախագահին ուղղված բաց նամակ էր ուղարկել բանտից:
«Ես` Կարեն Արայանս, անհիմն մեղադրվում եմ դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարը տարածելու և նրա ընտանեկան գաղտնիքը բացահայտելու մեջ, այսինքն` ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և 144-րդ հոդվածով: Ողջ մեղադրանքը հիմնված է շինծու ապացույցների և ոչ ճիշտ որակված փաստերի վրա: Ես պնդում եմ, որ այդ արարքը կատարել է հենց ինքը` Անժելա Սարգսյանը, սակայն մինչ այսօր չի ստուգվել նույնիսկ նրա համակարգիչը…Ես ինձ մեղավոր չեմ ճանաչել ու չեմ ճանաչում, քանի որ ես ոչ մի պոռնկագրական բնույթի լուսանկար ոչ մեկին, ոչ մի կերպ չեմ փոխանցել ու չեմ ցուցադրել:
Դատարանը նույնիսկ չի կարողանում վկաներին բերման ենթարկել դատական նիստերին և արդեն հինգերորդ ամիսն է, ինչ այդ պատճառով դատավարությունը հետաձգվում է ու չունի ընթացք: Մերժվել են իմ խափանման միջոց կալանքը վերացնելու և գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունները և 2011 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև այսօր ես գտնվում եմ ապօրինի կալանքի մեջ: Ուստի` ելնելով վերոգրյալից ես այսօրվանից կարել եմ բերանս ու հայտարարում եմ անժամկետ հացադուլ և պահանջում եմ արդարության վերականգնում: Ես հացադուլից դուրս կգամ այն ժամանակ, երբ կգտնվեմ ազատության մեջ»:
Կարեն Արայանը Անժելա Սարգսյանի նախկին զուգընկերն էր և մեղադրվում էր դերասանուհու անձնական կյանքին վերաբերող տեղեկությունները, այդ թվում` լուսանկարներ և տեսանյութեր, համացանցում տարածելու համար:
Ո՞ր պաշտոնյաներն են հովանավորում Անժելա Սարգսյանին