Քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով
«Առավոտի» խմբագրականում Արամ Աբրահամյանը, անդրադառնալով ադրբեջանցի պրոֆեսոր Ռահման Բադալովի հոդվածին, որ հրապարակվել է համացանցում, նշում է, որ հարևան երկրում նույնպես կան սթափ մտածող մարդիկ, որոնք իսկապես մտահոգված են իրենց պետության և ազգի ճակատագրով: «Ակնհայտ է, որ նման մարդիկ փոքրամասնություն են կազմում, իսկ ճնշող մեծամասնության գիտակցությունը մթագնած է ազգային հողի վրա ատելությամբ: Սակայն ես հեռու եմ այն մտքից, որ մեր ազգը յուրահատուկ է և կտրուկ տարբերվում է այլ ազգերից: Ճիշտ է, հիվանդագին այլատյացության ախտով մենք այժմ չենք տառապում, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում մեր մեծամասնությունն առաջնորդվում է բանական չափանիշներով: Ասացեք խնդրեմ, քանի՞ տոկոսն է մեր հասարակության մեջ համոզված, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել փոխզիջումների միջոցով:
Կամ` մի կողմ թողնելով միջազգային հարաբերությունները` եկեք մտավոր փորձ կատարենք և ենթադրենք, թե ինչպիսին կլինի «մեծամասնության» արձագանքը, եթե նրա ներկայացուցիչների հետ «ոչ պաշտոնական հանդիպման» ժամանակ դուք ասեք, որ ազատ շուկայական տնտեսությունն ավելի արդար է և արդյունավետ, թան «սովետի» ընդհատակյա շուկայական հարաբերությունները, որ անկախ պետություն ունենալն ավելի լավ է, քան որևէ այլ պետության կազմում լինելը, որ վերջին 2-3 տարում խոսքի, մամուլի ազատության հարցում Հայաստանում որոշակի առաջընթաց է արձանագրվել, որ սուպերմարկետում առևտուր անելն ավելի հարմար է, քան «բուդկայում»: Եթե չես ուզում մեծամասնության հետ կոնֆլիկտ ունենալ, ապա այդ ամենը դու չպիտի ասես կամ գրես, պիտի համբերատար լսես, երբ մարդիկ, երբեմն ամենևին ոչ աղքատ, բողոքում են կյանքից և հայհոյանքներ ու անեծքներ հղում իշխանավորներին:
...Միջնադարում մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ էր, որ մոլորակը տափակ է` բլիթի նման, և եթե որևէ մեկն ասում էր, որ այն կլոր է, լավագույն դեպքում ծիծաղում էին, վատագույն դեպքում եկեղեցական «պոլիտբյուրոյի» որոշմամբ այրում էին կրակի վրա»: