Սյունիքի մարզպետը վաճառել է կին գործարարի սա՞րքը
Սյունիքի մարզում նոր սկանդալային իրավիճակ է հասունանում, բայց այս անգամ առանցքում ոչ թե ՏԻՄ ընտրություններն են, այլ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանի նոր բիզնես մտահղացումը, որն ըստ էության ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանին ծանր կացության մեջ է գցել: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Ըստ թերթին հասած լուրերի, Սյունյաց մարզպետը օրեր առաջ Վ. Հակոբյանին ու նրա հորը` Մաքսիմ Հակոբյանին պատկանող Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին է վաճառել 102 մլն դրամ արժողությամբ այն սարքը, որի համար ամիսներ առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը մեծ աղմուկ բարձրացրեց` ասելով, որ այդ սարքը իրեն պատկանող գործարանից առևանգել է մարզպետ Խաչատրյանը` դրա դիմաց ոչինչ չվճարելով:
Իսկ թե ինչու է պատգամավոր Վ. Հակոբյանը գնել «անիծված» այդ սարքը և թե ի վերջո ո՞վ է տալու Համբարձումյանին «գցած» փողերը, թերթն այս հարցով դիմել է Սյունյաց մարզպետ Ս. Խաչատրյանին, որն էլ գերադասել է չպատասխանել այդ հարցին, փոխարենը անջատել է հեռախոսը` ասելով, «հետո, հետո կխոսամ»:
Պատգամավոր Վահե Հակոբյանն էլ ոչնչով չի զիջել մարզպետ Խաչատրյանին` իր կողմից պահպանելով քար լռությունն ու հեռախոս չվերցնելու հայկական ավանդույթը: Թեև թերթի ունեցած տեղեկություններով, պատգամավոր Հակոբյանին, երբ գործից տեղյակ մարդիկ հարցրել են, թե ի՞նչ է անելու ինքն այդ սարքի ու դրա հետ կապված պատմությունների հետ, վերջինս ասել է, թե ինքը «սպրավչնին չի, որ սաղի հարցերին պատասխանի»: