Դ. Բաբայան. Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառել
«Հարցադրումը շատ տեղին է, քանի որ Ադրբեջանը միայն Սաֆարովի թեմայով չէ, որ կոպտորեն ոտնահարել է միջազգային իրավունքը և հարված հասցրել միջազգային անվտանգությանը: Պատահական չէ, որ այդ երկրում դեռևս 90-ական թվականներին իրենց գրասենյակներն էին բացում մեծ թվով ահաբեկչական կազմակերպություններ, այդ թվում՝ բոլորին քաջ հայտնի Ալ-Ղաիդան: Եվ մեր բազմաթիվ ահազանգները, որ այդ երկիրը գնում է դեպի ահաբեկչության գիրկը, կարծես թե, այդքան էլ լուրջ չէր ընկալվում միջազգային հանրության կողմից: Սակայն մենք միջազգային հանրությունից որոշակի քայլեր ենք ակնկալում»,- Panorama.am-ի հարցին, որ եթե միջազգային հանրությունը համաչափ ձևով չի արձագանքում Սաֆարովի հետ կապված միջադեպին, ապա ի՞նչ ակնկալել նրանից, եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ասաց ԼՂՀ նախագահի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
«Դրա համար էլ, այսօր մենք ականատես ենք լինում նրան, որ միջազգային հանրության բարիդրացիական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ բերել է նրան, որ պաշտոնական Բաքուն ավելի ու ավելի է կոշտացրել իր դիրքորոշումն ու դարձել անկառավարելի»,- ասաց նա:
Ըստ Բաբայանի՝ միջազգյին հանրության արձագանքը պետք է կտրուկ կոշտանա, այլապես, եթե հիմա Սաֆարովին են արդարացնում, վաղն էլ ահաբեկչական կազմավորումների պարագլուխներին են արդարացնելու:
Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան միջազգային հանրությունից և ի՞նչ քայլեր է ենթադրում այդ «կտրուկ կոշտացումը», վերջինս ասաց. «Նախևառաջ պետք է սառեցվի Ադրբեջանի անդամակցությունը մի շարք միջազգային կազմակերպություններին և կառույցներին, խոսքս առաջին հերթին վերաբերվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդրում Ադրբեջանի ունեցած կարգավիճակին, երկրորդ, Ադրբեջանի նկատմամբ պետք է տնտեսական պատժամիջոցներ կիրառել՝ նրան զրկելով վարկային միջոցների տրամադրությունից և այլ օժանդակություններից: Նրա նկատմամբ անհրաժեշտ է քաղաքական ճնշումներ իրականացնել: Կարծում եմ՝ այդ քայլերն իսկապես կսթափեցնեն Ադրբեջանին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա