Էրդողան. Թուրքիան միշտ էլ կողմ է եղել արխիվները բացելուն
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսօր, ելույթ ունենալով Ստամբուլում կազմակերպված «Արաբական գարունը և խաղաղություն Միջին Արևելքում. մահմեդական և քրիստոնեական հեռանկարներ» թեմայով համաժողովին, անդրադարձել է Թուրքիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնություններին: Այս մասին հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» (Sondakika) լրատվական կայքը:
Մասնավորապես, Թուրքիայի վարչապետը նշել է, որ Օսմանյան կայսրությունում դավանվող տարբեր կրոնները միշտ Ստամբուլի կողմից դիտվել են որպես հարստություն և հանդուրժողականությամբ են ընդունվել:
«Թուրքիան հայկական հարցի դեպքում էլ միշտ կողմ է եղել արխիվները բացելուն և հարցը պատմաբանների ու այլ գիտնականների դատին հանձնելուն»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը նաև նշել է, որ իր պաշտոնավարության 10 տարիների ընթացքում Թուրքիայում կարևոր բարեփոխումներ են կատարվել ժողովրդավարության, տարբեր կրոնների ներկայացուցիչներին իրենց իրավունքները վերադարձնելու հարցում և դրա վառ օրինակն է վերջին ժամանակներս տարբեր կրոնական համայնքների հիմնադրամներին պատկանող անշարժ գույքը նորից հիմնադրամներին վերադարձնելու փաստը: