Հայտնի է Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների անցկացման օրը
Իրանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Իրանում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների անցկացման օրը:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահի 11-րդ շրջանի ընտրությունները տեղի կունենան 2013թ. հունիսի 14-ին:
Նկատենք, որ հաջորդ տարի լրանում է ԻԻՀ գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախագահության երկրորդ շրջանը և համաձայն այդ երկրի սահմանադրության՝ նախագահն այլևս չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին:
Ս.թ. մարտին Իրանում տեղի ունեցած 9-րդ գումարման Մեջլիսի ընտրություններից հետո Իրանի քաղաքական շրջանակներն սկսել են ավելի հաճախակի քննարկել 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների թեման:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ ԻԻՀ նախագահի հավանական թեկնածուներ են համարվում ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը, Մեջլիսի գործող նախագահ Ալի Լարիջանին, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթին և Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին:
Նախորդող տեղեկատվությունը՝
Ինչպիսի՞ քաղաքական ճակատագիր է սպասում Մահմուդ Ահմադինեժադին, ո՞վ կփոխարինի վերջինիս