Բացվեց «Հայ ասպետ» ուսումնական կենտրոնի հայագիտական դասարանը. «Կամաց-կամաց կդառնանք դպրոց»
Երևանի Թելմանի անվան թիվ 13 դպրոցում բացվեց «Հայ ասպետ» ուսումնական կենտրոնի հայագիտական դասարանը: Բացի հանրակրթական դպրոցի հիմնական ծրագրից, աշակերտները լրացուցիչ կրթության միջոցով կուսումնասիրեն առասպելագիտություն, հայրենագիտություն, բարոյախոսություն, արևմտահայերեն, ազգային երգ, պար, ռուսերեն, թուրքերեր, վարվեցողակարգ: Panorama.am-ին այս մասին ասաց «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:
«Արդեն յոթ տարի գործում է «Հայ ասպետ» հիմնադրամը ու «Հայ ասպետ» լրացուցիչ փորձության կենտրոնը: Մեր սաները ամեն տարի խնդրում էին մեզ բացել դասարան, դպրոց, որ իրենք այդտեղ հաճախեն: Բայց դա շատ բարդ գործ է: Այս տարի առաջին անգամ բացել ենք հայագիտական դասարան` 5-րդ դասարանի երեխաների համար: Այդտեղ սովորում են արդեն 3-4 տարի «Հայ ասպետ» լրացուցիչ կրթության կենտրոնում կրթություն ստացած սաները»,- նշեց նա:
Կ. Տոնոյանի խոսքով, դասարանում 13 աշակերտ է, բայց դեռ կհամալրվի` մինչև 18: Այդ աշակերտները տարբեր դպրոցներում են սովորել մինչև այս ուսումնական տարին: Իսկ այժմ նրանք բոլորը տեղափոխվել են Թելմանի անվան դպրոց: Երեխաներ կան ոչ միայն Երևանից, նաև Մասիսից, Աբովյանից: Աշակերտները մինչև ժամը 13.30-ը սովորում են հանրակրթական դպրոցի ծրագրով, այնուհետև ճաշում են ու արդեն սկսում է հայագիտական դասարանի դասընթացը: «Ճաշելը միաժամանակ երեխաների վարվեցողակարգի դասն է: Նրանք սովորում են` ինչպես նստել, ինչպես օգտվել, տղաները ուղեկցում են աղջիկներն, նրանց համար աթոռները առաջ են քաշում: Իսկ դասամիջոցները երեխաների երգեցողության դասն է: Նրանք մեկ ամիս լսելու են Կոմիտաս, հետո մեկ ամիս այլ հայտնի ստեղծագործողի աշխատանքներ: Երաժշտության հետ միաժամանակ էկրանին գրվում է նրանց կենսագրությունը, նրանց մասին հետաքրքիր պատմություններ»,- ասաց Կ. Տոնոյանը:
Դասերը շարունակվում են մինչև ժամը 17.00-ն: Ուսուցումն անցկացվում է հատուկ ծրագրով, որի հեղինակը հենց Կ. Տոնոյանն է: Ուսուցիչները «Հայ ասպետ» ուսումնական կենտրոնից են: Դասավանդումն ընթանում է մրցութային ու խաղային մեթոդներով: «Մենք շատ հաճույքով ենք հաճախում: Թեև երկար է, մինչև ժամը 5-ը, բայց մենք չենք հոգնում, ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում»,- ասաց աշակերտներից մեկը:
Լավագույն աշակերտները, նաև ուսուցիները շաբաթական, ամսական խրախուսական մրցանակների են արժանանում: Նրանք ամեն շաբաթ հաճախում են թատրոն կամ թանգարան:
Դասարանը բացվել է «Հայ ասպետ» հիմնադրամի ֆինանսավորմամբ, որն ունի իր հովանավորները` ՊՆ, ԿԳՆ, «Փյունիկ» հիմնադրամ: Կ. Տոնոյանն ասաց, որ իրենք կամաց-կամաց կդառնան դպրոց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան