ՏԿՆ 2-րդ պատասխանը. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից անվճար տեղափոխող ավտոբուսների վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում
Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բագլարյանը գրավոր պատասխանել է Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ ուսումնասիրություններ է իրականացրել, ի՞նչ է պարզվել, ի՞նչ քայլեր են իրականացվում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից անվճար տեղափոխող ավտոբուսների գործունեության վերաբերյալ:
Նախարարության տրանսպորտի վարչությունից օգոստոսի 22-ին պատասխանել էին, որ տրանսպորտի և կապի նախարարությունը ուսումնասիրել է նշված խնդիրը և ներկայացված փաստարկները քննարկել կողմերի հետ։ Արդյունքում վեճը սպառված է, կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքը և բիզնես և բարեգործական նպատակներով, յուրաքանչյուրը սպասարկելով համապատասխան սոցիալական շերտերի կարիքները։ Խնդրի լուծման մասին հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքում։
Այսօր արդեն փոխնախարարի ստորագրությամբ նամակում նշված է, որ նախարարության կողմից շարունակվում են ուսումնասիրությունները, Երևան-Աբովյան-Երևան և Երևան-Չարենցավան-Երևան միջմարզային կանոնավոր երթուղիների ուղղություններով ու «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից իրականացվող փոխադրումները ՀՀ օրենսդրության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ:
«Ուսումնասիրությունների ավարտից հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ասված է փոխնախարարի պատասխանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն
ավարտել է Երևան-Աբովյան-Երևան երթուղիով ուղևորափոխադրում իրականացնող «Քինգ դելյուքս» և Երևան-Չարենցավան-Երևան երթուղին սպասարկող «Տրանս կոնֆորտ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները:
Համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:
ՏՄՊՊՀ-ը, տեղեկացնում է, որ կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչև դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության կարգավորման դաշտում:
Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն: