ՀՀ նախագահ. Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը
«Գիտեք, ես պատերազմ տեսած մարդ եմ, դրա համար չեմ ցանկանում նոր պատերազմ: Ես անձամբ եմ իմ մաշկի վրա զգացել պատերազմի հետևանքները, պատերազմի ազդեցությունը: Ես վստահ եմ, որ պատերազմ չի ցանկանում նաև մեր տարածաշրջանի անվտանգությամբ մտահոգ որևէ երկիր: Բայց ցանկությունը քիչ է, անհրաժեշտ են գործողություններ»,-այսօր դիմելով տարածաշրջանային այցի շրջանկում Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատրմագրված դեսպաններին, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ գործողությունները պետք է սկսվեն իրերն իրենց անունով կոչելով: «Այսպես ասած դիվանագիտական կոռեկտությունը ներկա պարագայում ուղղակի վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը»,-դեսպաններին ասել է երկրի ղեկավարը:
«Վերջերս Հայաստանում մի սարկազմ ունեցավ մեծ շրջանառություն: Եվ նրա իմաստը կայանում է հետևյալում, որ միջազգային x կազմակերպությունը այս իրադարձություններից հետո կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին` իրար չկացնահարել քնած ժամանակ: Սա տրամադրությունը բարձրացնելու կատակ չէ, սա մեր ժողովրդի վերաբերմունքն է միջազգային այն կառույցներին, որոնք փորձում են հավասարության նշան դնել զոհի և հանցագործի միջև, մեղավորի և անմեղի միջև: Սա շատ վատ հանգամանք է: Իմ խնդրանքն է ձեզ, իմ կոչն է ձեզ, որպեսզի ձեր կառավարությունները և մեր կազմակերպությունը առարկայորեն զբաղվեն այդ խնդրով»,-խոսքն ավարտել է ՀՀ նախագահը: