Պոլսահայ բանաստեղծին հենց Ստամբուլում հանձնեցին բարձրագույն պարգևը. «Էնքա՜ն լիցք ստացավ»
Երկուս ու կես ամիս կոմայի մեջ, անգիտակից վիճակում գտնված բանաստեղծն այդ օրն առույգ էր, մեկ ու կես ժամ ոտքի վրա մնաց, նույնիսկ պատրաստած խոսքը, որը հանձնել էր հանդիսավարին ընթերցելու համար, վերցրեց ու ինքը սկսեց կարդալ, բայց վերջին հասնել չկարողացավ, թուղթը վերադարձրեց:
«Ուժ եկավ վրաս»,-հանդիսության ժամանակ այսպես արտահայտվեց Թուրքիայում ապրող, ստեղծագործող բանաստեղծը` Զարեհ Խրախունին:
Մի քանի օր առաջ Երևանում կազմվեց հատուկ պատվիրակություն Ստամբուլ մեկնելու համար: Կազմում ընդգրկվեցին ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, նաև Մանկավարժական համալսարանի ասպիրանտ Քնարիկ Աբրահամյանը, ում թեկնածուական թեզի թեման հենց Խրախունու ստեղծագործություններն են:
Նրանք մեծ բանաստեղծին պետք է փոխանցեին ՀՀ բարձրագույն պարգևը` « Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, որին արժանացել էր այս տարվա փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: 86-այա հիվանդ բանաստեղծի համար խիստ դժվար ու երազանքի պես բան է Երևան հասնելը:
«Հաշվի առնելով նրա նվիրումը գրականությանը, միտք հղացավ, որ բանաստեղծին իր կենդանության օրոք փոխանցենք շքանշանը»,-ասաց ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանը:
Սեպտեմբերի 4-ին Ստամբուլի Հայոց Պատրիարքարանում հոգևոր, գրական և համայնքային շրջանակներից մի քանի տասնյակ հրավիրյալների մասնակցությամբ Զարեհ Խրախունիին հանձնվեց շքանշանը: Լևոն Անանյանն էլ նրան հանձնեց ԳՄ իսկական անդամի վկայագիր:
«Էնքա՜ն լիցք ստացավ: Իր համար բաղձալի պահ էր: Այնքան ոգևորված էր: Շատ շնորհակալ էր բարձրագույն գնահատականի համար, որովհետև իրենք այնտեղ գրում են, բայց դա հո թուրք ընթերցողի համար չէ: Գրում են հայ ընթերցողի համար, իսկ Սփյուռքում ապրող բանաստեղծի համար ամենից լավ գնահատականը հայրենի պետության ուշադրություն է»,-բանաստեղծի զգացածը ներկայացրեց Քնարիկ Աբրահամյանը: Ասպիրանտը, ով ուսումնասիրում է Խրախունու ստեղծագործությունները, շատ առիթներ է ունեցել անձամբ շփվելու նրա հետ, բանաստեղծին` որպես մարդ նկարագրում է այսպես. «Պետք է տեսնել, ճանաչել: Իսկապես դասական արիստոկրատիայի հատկանիշներն իր մեջ ամփոփած մարդ: Ինքը ոչ միայն իր բանաստեղծություններով է վեր կանգնած առօրյայից, այլև`իբրև մարդ»:
«Ուրախ եմ, երախտապարտ եմ»,-այս խոսքերը հաճախ էր կրկնում հիվանդ ու թույլ բանաստեղծը:
Զ. Խրախունին ծնվել է 1926 թ.: Պոլսահայ գրական նոր շարժման` «Առարկայական խորհրդանշապաշտության» հիմնադիրներից է, առաջնորդ: Հենց նա է տվել շարժմանն այդ բնորոշումը:
«Նա այն բանաստեղծների թվին է պատկանում, ովքեր հրաժարվել են հանգի, չափի, կետադրության դասական ձևերից: Որպես Թուրքիայում ապրող բանաստեղծն ինքն ու իր սերունդը չէին կարող ազատորեն արտահայտվել շատ բաների մասին, խոսել են խորհրդանիշների լեզուն: Սովարաբար ասում են պոլսահայ բանաստեղծները ազգայինից հեռու են, բայց այդպես չէ, Զարեհ Խրախունին »,-բանաստեղծին ներկայացրեց նրան ուսումանսիրող ապագա գիտնականը:
Նրա լավագույն ժողովածուները՝ «Քար կաթիլներ», «Տօնակարգ», «Ստուեր եւ արձագանգ», «Ազատերգութիւն», «Դարապատում», և ուրիշներ, բացայայտում են ժամանակի ու բանաստեղծի բարդ հյարաբերությունները՝ որպես պատմություն, որպես ազգային հավաք կենսագրություն:
«Զգայուն հոգի, անկոտրում կամք, զգաստ միտք՝ կանգնած Արարատն ու Հայոց Տունը պատկերող խորհրդանշանի առաջ: Արեւմտահայ նորագոյն բանաստեղծութեան առջեւից ճախրող նրա երգերը իջել են՝ գեղգեղալու, իրար լրացնելու, իրարով մեզ հետ լինելու, «տօնազանգ» հնչեցնելու»,-մի առիթով նրան այսպես է ներկայացրել Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: