Հոկտեմբերին պաշտոնապես կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը
Հոկտեմբերին պաշտոնապես կմեկնարկի «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը: Այս մասին Panorama.am-ին ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքերով՝ ծրագրի շրջանակներում հայտարարվել էր արտադրող կազմակերպությունների ընտրության մրցույթը, որի արդյունքում հաղթող են ճանաչվել ASUS, DELL և HP ընկերությունները:
Բ.Ենգիբարյանը նշեց, որ թեև ծրագիրը պաշտոնապես մեկնարկելու է հոկտեմբերից, սակայն համակարգիչները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: «Համակարգիչներն արդեն ճանապարհին են և սեպտեմբերի 15-20-ից կլինեն խանութներում»,- ասաց ՁԻՀ-ի տնօրենը՝ հավելելով, որ համակարգիչները կվաճառվեն հանրապետության 40 խանութներում:
Նշվեց նաև, որ բանկերը նույնպես ընտրվել են: Այսպիսով՝ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 առևտրային բանկեր առանց կանխավճարի և տոկոսադրույքի վարկեր կտրամադրեն համակարգիչներ ձեռք բերելու համար:
Հիշեցնենք, որ ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել էր դեռևս 2009թ. սեպտեմբերից և հաջողությամբ իրականացվել Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Այսօր արդեն մեկնարկում է հիմնական փուլը, որի ընթացքում ծրագիրը հասանելի կդառնա հանրապետության ողջ տարածքում: Նշենք, որ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նպատակն է էականորեն բարձրացնել Հայաստանում համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ծրագրային փաթեթներով համալրված ժամանակակից համակարգիչներ: