Պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել մեծատաղանդ դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակին
ՀՀ ժողովրդական արտիստ Օհան Դուրյանն աշխարհի հանրահայտ դիրիժորներից է, ղեկավարել է տարբեր երկրների 100-ից ավելի լավագույն սիմֆոնիկ նվագախմբեր: Դուրյանին համարում են Արևելյան Եվրոպայի Արթուրո Տոսկանինի (իտալացի աշխարհահռչակ դիրիժոր է): Այսօր մաեստրոն կդառնար 90 տարեկան:
Օ. Դուրյանը ծնվել և մեծացել է Երուսաղեմում: 1939-1945թթ. կոմպոզիցիա, դիրիժորություն և երգեհոն է ուսանել տեղի կոնսերվատորիայում: Կրթությունն ավարտել է Եվրոպայում Հ.Շերխենի, Ռ.Դեզորմիերի և Գ. Մարտինոնի ղեկավարությամբ: Որոշ ժամանակ աշխատել է Ավինյոնի և Քեյփթաունի օպերային և սիմֆոնիկ նվգախմբերի հետ: 1963-1968թթ. եղել է Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և «Gewandhaus» նվագախմբի մշտական հրավրյալ դիրիժորը: Հայաստանում Օ. Դուրյանը տարբեր տարիների գլխավորել է ՀՊՖՆ-ը, ինչպես և իր հիմնած` Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նրա ղեկավարության օրոք ՀՊՖՆ-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում:
Մաեստրոն եղել է Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: Դուրյանը հեղինակ է «Կոմիտաս» երկու սիմֆոնիկ սյուիտների և այլ ստեղծագործությունների:
Դուրյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (1996 թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1997 թ.) շքանշաններով, արժանացել է Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի կոչման (1998 թ.):
Օհան Դուրյանը մահացել է 2011-ի հունվարի 6-ին:
Այսօր ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայ արվեստասեր հանրությունը, մշակույթի անվանի գործիչները, հարազատներն այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել մեծատաղանդ արվեստագետի հիշատակին: