Էլեկտրաէներգիա արտահանելու փոխարեն ներմուծելու են
Անդրադառնալով Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի Երևանում արված այն հայտարարությանը, թե Թուրքմենստանը պատրաստվում է Իրանի միջոցով Էլեկտրաէներգիա ներմուծել Հայաստան` «Голос Армении»-ն նկատում է, որ երկար տարիներ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Հայաստանը միակ պետությունն է տարածաշրջանում, որը ոչ միայն չունի էներգետիկ ճգնաժամի խնդիր, այլև կարող է այլ երկրներ էլեկտրաէներգիա արտահանել. «Օրինակ` մինչ օրս Հայաստանը էլեկտրաէներգիա էր վաճառում Վրաստանին, անգամ ակտիվորեն քննարկվում է հայկական էլեկտրաէներգիան Թուրքիա արտահանելու հարցը, տեխնիկապես արդիականացվել էր Երևանյան ՋԷԿ-ը»,-գրում է թերթը` Թուրքմենստանից էլեկտրաէներգիա ներմուծելու լուրը որակելով որպես առեղծված:
Թերթը նաև նշում է, որ վերջին ժամանակներում Երևանյան ՋԷԿ-ը, որը պետք է Իրանից ստացված գազը վերածեր էլեկտրաէներգիայի և վաճառեր Իրանին, էլեկտրաէներգիայի արտադրության փոխարեն զբաղված է տարրական սպեկուլյացիայով` այն էլեկտրաէներգիան գնում է Վրաստանից և վերավաճառում է Իրանին, քանի որ Վրաստանից էլեկտրաէներգիայի գնումն ավելի էժան է, քան տեղում իրանական գազից էլեկտրաէներգիա ստանալը: