Վարչապետը` թուրք դեսպանին. Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմաններ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով ԵԱՀԿ-ում Թուրքիայի դեսպանի դիտարկմանը, ըստ որի՝ Հայաստանը և Թուրքիան պետք է առաջ շարժվեն նայելով ապագային, վարչապետ Սարգսյանը նշել է. «Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք»:
Կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այդ քաղաքական կամքը դրսևորել է և ներկայումս էլ հաստատում է, որ պատրաստ է հենց այսօր դիվանագիտական հարաբերություններ հաստատել մեր հարևանի հետ:
«21-րդ դարում դիվանագիտական հարաբերություններ չունենալը մեզ տեղափոխում է մի քանի դար հետ: Եկեք դուք էլ դրսևորեք այդ բարի քաղաքական կամքը և առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատեք Հայաստանի հետ: Մենք մեր քայլը կատարել ենք, գնդակը գտնվում է ձեր դաշտում: Մեզ համար կարևոր է, որ մեր այս տեսակետը կիսում են և Եվրամիությունը, և ԱՄՆ-ը, և Ռուսաստանը:
Դուք պետք է ձեր հասարակությանը կարողանաք համոզել, որ չի կարելի միջպետական հարաբերությունները պայմանավորել ձեր բարեկամական Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմամբ: Եթե մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, իսկ մենք իրոք դրա կողմնակիցն ենք, ապա ձեր հասարակություններին պետք է նախապատրաստեք այդ տեսլականին»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա