Սաֆարովը, մենք, նրանք և մեր տարբերությունը
Միջազգային հարաբերություններում այսօր Հայաստանը մի գլխավոր խնդիր պետք է հետապնդի` ցույց տալու մեր և նրանց տարբերությունը: Որքան բացահայտ լինի այդ տարբերությունը և որքան լավ ընկալեն միջազգային մեր գործընկերները, այնքան ավելի դյուրին կդառնա ամենատարբեր հարցերում հայկական կողմի մոտեցումը` սկսած Լեռնային Ղարաբաղի հարցից` վերջացրած ներդրումներով:
Այս հարցում Սաֆարովի առաքելությունը բավականին մեծ է: Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել` ընդգծված կերպով ցույց տալու հայկական և ադրբեջանական հասարակությունների տարբերությունը: Ըստ որում` այդ տարբերությունը պետք է ցուցանել ամեն վայրկյան, ամեն հարցում:
Տեսեք, այս օրերին Ադրբեջանի նախագահի կայքը պարզապես պայթում է շարքային ադրբեջանցիների շնորհավորական ու շնորհակալագրական նամակներից: Դրանք բոլորն էլ երախտիքի խոսք են` քնած հային սպանողին հերոսացնելու հարցում քաղաքական կամք դրսևորելու համար (հատկապես հուզիչ են ադրբեջանական հոգեբուժարանների անձնակազմերի նամակները ): Եթե սա խնդիր է, միայն` Ադրբեջանի ու իր հասարակության, ապա Հայաստանում խնդիրն այլ է` ցույց տալ, որ մենք այդպիսին չենք: Ուստի ի՞նչ պետք է անել:
Քանի որ խոսք եղավ նամակներից, ապա վատ չէր լինի, որ մեր հասարակությունն այդ ձևով իսկապես ի ցույց դներ իր ողջամտությունն ու առաջադեմությունը: Օրինակ` մի խումբ մտածող մարդիկ (իսկ այդպիսիք տասնյակ հազարավորներն են մեր շարքերում) կարող են նամակ գրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին` հորդորելով վերանայել հունգարական բուհերի հետ համագործակցությունը խզելու որոշումը: Նույնը նաև` ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին` նույն պատճառով :
Ի վերջո Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական կապերն է խզել, այդքանը: Հումանիտար ոլորտը, այդ թվում գիտությունն ու կրթությունը, հատկապես առաջադեմ հասարակություններում, պետք է ավելի անկաշկանդ գործի: Եվ ի հավաստումն դրա, կարելի է համապատասխան կոչով նամակներ ուղղել և պարոն Արամ Սիմոնյանին, և պարոն Ռադիկ Մարտիրոսյանին: Ես ինքս պատրաստ եմ ստորագրել դրա տակ: Ենթադրում եմ, որ ստորագրողների պակաս չի լինի, բայց լավ կլինի, որ համալսարանական շրջանակները ևս իրենց ողջամտությամբ հետ չընկնեն:
P.S. Համաշխարհային շախմատային օլիմպիադայում վաղը վերջին տուրն է և ճակատագրի հեգնանքով եզրափակիչ տուրում մենք մրցելու ենք հունգարացիների հետ: Թվում էր, թե այս սկանդալի թոհուբոհի մեջ շախմատիսներն էլ պետք է տուրք տային էմոցիաներին, բայց իմաստուն խաղի մեր վարպետներն իմաստուն գտնվեցին և վաղը պարզապես կմրցեն հունգարացի իրենց ընկերների և բարեկամների հետ (Հունգարիայի առաջին համարը` Պետեր Լեկոն, մեր հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի փեսան է)` փորձելով հերթական անգամ նվաճել շախմատային Օլիմպոսը:
Այդկերպ ևս նրանք ի ցույց կդնեն մեր և նրանց տարբերությունը: Այն պարզ պատճառով, որ ադրբեջանցի շախմատիստները, չնայած բարձր կարգին, ալիևյան քսենոֆոբիան հիմնավորելու նպատակով աջ ու ձախ հարցազրույցներ են տալիս, որ «մի ուրիշ ատելությամբ են հայերի դեմ խաղում»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա