Բարսեղ Բեգլարյան. «Ուզում են ինձ ու Ծառուկյանին կռվեցնել. Դա նրանց չի հաջողվի»
«Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի մասին կարծիք կազմել, այն էլ բացասական տեսանկյունից»,- «168 ժամի» հետ զրույցում ասել է «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը` անդրադառնալով ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե` «Ֆլեշի Բարսեղ Բեգլարյանն ու Տիգրան Սարգսյանը հստակ խնդիր ունեն` փորձել վարկաբեկել Գագիկ Ծառուկյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և, որ այդ խնդիրը լուծելու համար նրանք որևէ միջոցի առջև` լինի դա բարոյական թե նյութական, կանգ չեն առնում»: «Ես որևէ մեկնաբանություն չունեմ: Ես Գագիկ Ծառուկյանի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերությունների մեջ եմ և երբեք ինձ թույլ չեմ տա նման արարք անել: Իսկ թե որտեղի՞ց է վերցրել Ուրիխանյանը նման մտքեր, դա արդեն իր խնդիրն է: Կարծում եմ` այստեղ թյուրիմացություն է տեղի ունեցել, ու չգիտես ինչ-ինչ պատճառներով այդ միջադեպն իմ անվան հետ են կապում»,- նշել է Բեգլարյանը: Ապա վերջինս ավելացրել է. «Նրանց նպատակը, հավանաբար, ինձ ու Գագիկ Ծառուկյանին կռվացնելն է, բայց, ուզում եմ հիասթափեցնել ու ասել, որ դա իրենց չի հաջողվի»: