Գրագիտության միջազգային օրն է… Ահազանգ՝ պայքարել համաշխարհային անգրագիտության դեմ
Սեպտեմբերի 8-ին նշվում է Գրագիտության միջազգային օրը: Այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է 1966 թվականին անգրագիտության վերացման վերաբերյալ կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ, որը 1965 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Թեհրանում: Այս տարի Գրագիտության միջազգային օրը անցկացվում է «Գրագիտության և աշխարհ» կարգախոսով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, այսօր ամբողջ աշխարհում 775 միլիոն մարդ գրել և կարդալ չգիտի: Անգրագետների գրեթե 2/3-ը աղջիկներ ու կանայք են: Նրանց մեծամասնությունն ապրում է Հարավային և Արևելյան Ասիայում, Աֆրիկայում: Աշխարհում 122 միլիոն դեռահասի մոտ ամբողջությամբ բացակայում է գրելու ու կարդալու հմտությունները: 100 միլիոն երեխա ընդհնարապես չի հաճախում դպրոց:
Տարբեր սոցիոլոգիական հարցումներ ցույց են տվել, որ տարեց տարի երեխաներն ավելի քիչ են գիրք, ամսագիր կարդում: Այդ իսկ պատճառով, բազմաթիվ կազմակերպություններ կոչ են անում միջազգային հանրությանը պայքարել համաշխարհային անգրագիտության դեմ, ավելի շատ գրադարաններ, գրախանութներ բացել:
Երևանում այսօր կանցկացվի կլոր սեղան, որի ընթացում գրքի ստեղծման շղթայի մասնագետների հետ կքննարկվի նախապես անցկացված սոցհարցման արդյունքները: Սոցհարցումն անցկացվել է «Ինչ ենք կարդում» թեմայով, որի նպատակն է սոցիալական կայքերի միջոցով պարզել, թե ինչ գրականություն է կարդում ընթերցողը, որ ժամանակակից գրողներն են ավելի ճանաչված երիտասարդների շրջանում: Նշենք, որ սոցհարցումն ու կլոր սեղանն անցկացվում է «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում: Այս մասին տեղեկացանք միջոցառումների պաշտոնական կայքից: