Օլիմպիական եռակի չեմպիոններն ուղևորվեցին նախագահի նստավայր
Համաշխարհային 40-րդ շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոններին` Հայաստանի շախմատի հավաքականին, Ազատության հրապարակում դիմավորեցին հայկական երգ ու պարով: Ողջույնի խոսքեր ասացին հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու գրող-հրապարակախոս Զորի Բալայանը:
«Այնպիսի ցնծություն կա, այնպիսի ոգևորություն, այնքան միասնական ենք մենք այժմ… Այս զգացումն ապրում է մեր մեջ, մեզնից յուրաքանչյուրի ընտանիքում և այն հիմք է` հետագա հաջողությունների համար: Այսօր աշխարհը խոսում է «կացնի լեզվով», իսկ հայ շախմատիստների հաղթանակը ցույց է տալիս, թե որն է «բարոյականության լեզուն»,- ասաց Ռոբերտ Ամիրխանյանը:
«Այս հաղթանակի մեջ ռազմավարություն կա, քանի որ այն թիմային հաղթանակ է, միաբանություն, որը մեզ շատ է պետք: Շախմատը ոչ թե միայն սպորտ է, այլ, որ ամենակարևորն է, արվեստ է: Այս հաղթանակը մեկնարկել է Շուշիի մեծ հաղթանակից և մենք շարունակելու ենք այն»,- նշեց Զորի Բալայանը:
Ապա խոսեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, ով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին` աջակցության և նման ընդունելության համար:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, քանի որ մենք ամեն օր զգում էինք Ձեր աջակցությունը: Ուրախ ենք, որ կարողացանք հաղթանակ տոնել և երջանիկ ակնթարթներ պարգևել Ձեզ: Կաշխատենք հետագայում ևս բարձր ծածանել հայկական եռագույնը»,- ասաց Արշակ պետրոսյանը:
Այնուհետև տեղի ունեցավ տոնական հրավառություն, որից հետո հայ գրոսմայստերներն ուղևորվեցին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայր` տոնական ընդունելության:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները