Էջմիածնում ընտրվել է գործող քաղաքապետը
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նախօրեին տեղի ունեցած քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Ռոբերտ Գրիգորյանը /3 128 քվե/ : Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` վկայակոչելով նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Ռ. Գրիգորյանը գործող քաղաքապետն է, նրան սատարում էր իշխող Հանրապետական կուսակցությունը: Նրա մրցակից թեկնածուն անկուսակցական Աշոտ Գրիգորյանն էր /1 379 քվե/:
Արմավիրի Էջմիածին քաղաքում ընտրվել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը /12 468/: Նրա մրցակից անկուսակցական Արմինե Հովհաննիսյանը ստացել է 1057 ձայն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ էին Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Քաղաքապետ են ընտրել Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի և Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում:
Ինչպես ավելի վաղ ներկայացրել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, համայնքի ղեկավարի և ավագանու անդամության համար կպայքարի 4789 թեկնածու՝ որպես համայնքի ղեկավար 714 թեկնածու և ավագանու` 4073:
ՏԻՄ ընտրություններում ամենաշատ թեկնածուներ առաջադրել է Հանրապետական կուսակցությունը` 342-ը որպես համայնքի ղեկավարի, 1001-ը` ավագանու թեկնածու: Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է. ԲՀԿ-ն առաջադրել է 48 թեկնածու համայնքի ղեկավարի պաշտոնի համար և 239-ը` ավագանու անդամ: «Օրինաց երկիր» կուսակցությունից առաջիկա ընտրություններում պայքարում էին 62-ը` 12-ը համայնքի ղեկավարի պաշտոնի համար, 50-ը՝ ավագանու անդամության:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում