Միացյալ Նահանգները պարզաբանում է պահանջել Բաքվից ու Բուդապեշտից
Ամերիկայի Միացյալ նահանգները ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և այնուհետև ներում շնորհելու հարցի կապակցությամբ պարզաբանումներ է պահանջել Բաքվից ու Բուդապեշտից և հետամուտ է լինելու դրանք ստանալու հարցում: Այսօր Գլխավոր դատախազությունում համաձայնագրի ստորագրության ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցին, հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:
Նա հիշեցրեց, որ լուրն ստանալուն պես պաշտոնական Վաշինգթոնն այդ մասին դատապարտող հայտարարություն արեց: Դիվանագետը վերահաստատեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, հանդես է գալիս ցանկացած գործողության դեմ, որը «սպառնում է փխրուն բանակցային գործընթացին»:
Իր հերթին Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադառնալով Սաֆարովին ներելուն և նրան հերոսացնելուն, ցավ հայտնեց, որ կա ազգ, որի ներկայացուցիչը մարդուն կացնահարելու համար հերոսացվում է: «Որևէ երկրի նախագահ չի կարող ներում շնորհել մեկ այլ երկրի դատավճռով: Ադրբեջանի նախագահը խախտել է սեփական օրենսդրությունը», -նկատեց Հովսեփյանն ու վկայակոչեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածը, որով տվյալ երկրի դատապարտվածը իրենց երկրում կարող է պատիժը կրել միայն տվյալ երկրի դատարանի կողմից դատական ակտ կայացնելուց հետո, մինչդեռ Ալիևը ներում է շնորհել:
Ռամիլ Սաֆարովը, որը 2004-ին ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Հունգարիայի կողմից օգոստոսի 31-ին արտահանձնման է ենթարկվել Բաքու, որտեղ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում շնորհվեց նրան, և այժմ նա ազատության մեջ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները