Խորոնք գյուղում հաղթող չկա. Թեկնածուն վիճակահանությունից հրաժարվել է
Նախօրեին գիշերը Արմավիրի մարզի Խորոնք գյուղում գյուղապետի ընտրություններից հետո քվեարթերթիկների հաշվարկը բուռն է եղել. արդյունքում թեկնածուներից մեկը մյուսին մեղադրում է իր երկու ձայների կորուստի համար: Ըստ պաշտոնական տվյալների, Խորոնք գյուղում գործող գյուղապետ, Հանրապետական Սարգիս Նահապետյանը և անկուսակցական Արայիկ Աբասյանը ստացել են 665-ական ձայն:
Արայիկ Աբասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակը երկուսով ավել է եղել հակառակորդի` Սարգիս Նահապետյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների քանակից: «Սակայն հաշվարկի ընթացքում հանձնաժողովի անդամներն այնպես են արել, որ վճռորոշ երկու քվեաթերթիկները համարվել են անվավեր: Հանձնաժողովի 7 անդամներից 4-ը իրա (Սարգիս Նահապետյանի-հեղ.) հարազատ-խնամի-բարեկամներն են, իրանք էլ սարքել են», -փոխանցեց Արայիկ Աբասյանը:
Երկու թեկնածուների ստացած ձայների միևնույն քանակի դեպքում վիճակահանություն է անցկացվում, սակայն Արայիկ Աբասյանը հրաժարվել է վիճակահանությունից և բողոք-դիմում ներկայացրել թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողողվ: Վաղն առավոտյան ժամը 9-ին թիվ 20 ԸԸՀ-ում վերահաշվարկ է տեղի ունենալու:
Աբասյանի խոսքով, ինքը հրաժարվել է վիճակահանությունից, որովհետև իրեն ժողովուրդն է ընտրել: «Ես ընտրվել եմ ժողովրդի կողմից, ոչ թե վիճակահանության միջոցով պետք է ընտրվեմ», -նկատեց թեկնածուն:
Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրություններ էին Արարատի, Արմավիրի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ընդհանուր առմամբ, ՏԻՄ ընտրություններ են անցկացվել Արարատի մարզի 97 համայնքներից 86-ում, Արմավիրի 97 համայնքներից 93-ում, Լոռու 113 համայնքներից 96-ում, Շիրակի 119 համայնքներից 113-ում, Սյունիքի 109 համայնքներից 94-ում:
Համայնքի ղեկավարի ընտրություններ են կայացել տվյալ մարզերի 18 քաղաքային համայնքներում: Քաղաքապետ են ընտրել Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ և Դաստակերտ, Արարատի մարզի Վեդի և Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր և Էջմիածին, Շիրակի մարզի Գյումրի և Արթիկ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր, Ախթալա, Թումանյան և Շամլուղ համայնքներում: