Դեմոյան. Ալիևը ներում է շնորհել հանցագործին, ով բացահայտել է ռազմական գաղտնիք
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկնահանցագործ է. ներում շնորհելով մարդասպան Ռամիլ Սաֆարովին, նա խախտել է ոչ միայն Ադրբեջանի օրենսդրությունը, այլ նաև ներում է շնորհել ռազմական հանցագործին, ով բացահայտել է ռազմական գաղտնիք,-ասուլիսում ասաց ադրբեջանցի մարդասպան Ռ. Սաֆարովի դատավարության ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Նա նշեց, որ Ռ. Սաֆարովը իր ցուցմունքների ժամանակ հայտարարել է, որ ինքը տարբեր գործիքներով, այդ թվում նաև կացնով մարդ սպանել սովորել է Հյուսիսային Կիպրոսի տարածքում գտնվող թուրքական ռազմական բազայում, այդպիսով` նա բացահայտել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության ամենանուրբ տարրի մասին:
«Սա աննախադեպ տեղեկություն է, կարևոր է մեզ համար քարոզչության տեսանկյունից»,- ընդգծեց նա, ապա նշեց, որ այս խնդրի մասին պետք է բարձրացնել նաև ՆԱՏՕ-ում, քանի որ ՆԱՏՕ-ին ոչ անդամակցող երկրի` Ադրբեջանի զինվորները ռազմական պատրաստվածություն անցնում են ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից անօրինական օկուպացված երկրի ռազմական բազայում:
Նա նաև ասաց, որ պետք է ՄԱԿ-ում բարձրացվի Ադրբեջանի լիազորությունների կասեցման հարցը որպես անվտանգության խորհրդի անդամ, Եվրախորհրդարանում պետք է բարձրաձայնվի, որ հակահայակականությունը պետք է դիտել որպես հանցագործություն ու այլևս ցանկացած հայի դեմ դրսում իրականացվող հանցագործությունը` լինի հռետորաբանություն կամ ֆիզիկական, դիտարկվի որպես հակահայկականության:
«Իսկ Ալիևն իր տխրահռչակ, տգետ որոշմամբ հնարավորություն է տվել հայկական կողմին քարոզչական դաշտում ջախջախել Ադրբեջանին»,- ասաց թանգարանի տնօրենը` ընդգծելով, որ հայկական կողմը պետք է օգտվի Ալիևի ընձեռած ոսկե քայլից ու այնպիսի պատժիչ քայլ իրականացնի, որի ազդեցությունը պետք է ավելի հուժկու լինի, քան արտահանձման ոգևորությունը:
Հայկ Դեմոյանը նաև նշեց, որ Ադրբեջանի քայլը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա իր ազդեցությունն ունեցել է` հայկական կողմի դիրքորոշումն ավելի կոշտացել է, ազդարարվել է փոխզիջումների գնալու խոսակցությունների ավարտը. «Ո՞ւմ հետ գնալ փոխզիջման, ո՞վ է դիմացդ կանգնած»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները