Իրանի ԱԳՆ. Սիրիայում ռազմական միջամտության դեպքում ողջ տարածաշրջանը կներքաշվի լուրջ ճգնաժամի մեջ
Սիրիայում ռազմական միջամտության դեպքում ողջ տարածաշրջանը կներքաշվի լուրջ ճգնաժամի մեջ:
Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնի՝ սիրիական ճգնաժամը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարին, նշել է. «Իրանը բազմիցս հայտարարել է, որ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի: Խնդրի լուծման միակ ճանապարհն արտաքին ռազմական միջամտությունից զերծ մնալը, ընդդիմադիր ուժերին չզինելն ու ահաբեկչական գործողությունների կանխարգելումն է»:
Նշենք, որ Իրանը Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ երկրների ղեկավարների 16-րդ համաժողովի շրջանակներում հանդես եկավ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առաջարկով, համաձայն որի՝ առաջարկվում է Սիրիայում հրադադար հաստատել և հակամարտող կողմերի միջև երկխոսություն ապահովելու նպատակով համապատասխան մեխանիզմներ մշակել:
Հավելենք, որ նախօրեին ԻԻՀ ԱԳ փոխնարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կահիրեում մասնակցել է սիրիական ճգնաժամի վերացման շուրջ Իրանի, Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի մասնակցությամբ տեղի ունենած քառակողմ հանդիպմանը: