«Հարսնաքար»-ի գործով դատական առաջին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին
«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացած Վահե Ավետյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատը կընթանա Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Այդ մասին Panorama.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Գործով մեղադրյալներ են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:
Ըստ մեղադրական եզրակացության, ծեծի հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը», Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը` միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:
Գործով Վահե Ավետյանի իրավահաջորդ է ճանաչվել նրա հայրը՝ Գառնիկ Ավետյանը: Իսկ վերջինի շահերը դատարանում կպաշտպանեն փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը: Փաստաբանները, ի դեպ, բազմիցս դժգոհություն են հայտնել նախաքննական մարմնի գործողություններից և հայտարարել, որ մինչդատական վարույթն ընթացել է կոպտագույն խախտումներով:
Նախորդիվ` Փաստաբաններ. «Հարսնաքարի» գործով մինչդատական վարույթն ընթացել է բազմաթիվ կոպտագույն խախտումներով