Կ. Քոչարյան. Նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրություններից առաջ ստեղծված քաղաքական իրավիճակին, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը նշեց, որ այն ինչ կատարվում է այսօր մամուլում և քաղաքական դաշտում վկայում է նախագահական ընտրությունների մեկնարկի մասին:
Իր այդ տեսակետը բանախոսը հիմնավորեց վերջերս մամուլում լայն արձագանք ստացած` Ռուբեն Հայրապետյանի և Տիգրան Ուրիխանյանի հարցազրույցների փաստով:
Անդրադառնալով նախագահական ընտրություններում ընդդիմության կողմից միասնական թեկնածուի առաջադրման խնդրին, քաղաքական տեխնոլոգն ասաց, որ ՀԱԿ-ը մամուլի միջոցով տարբեր պոտենցիալ թեկնածուների անուններ է շրջանառում` Լևոն Տեր-Պետրոսյան, Հրանտ Բագրատյան, Խաչատուր Սուքիասյան, Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան, որպեսզի հասկանա ժողովրդի տրամադրվածությունը:
Այնուհետև բանախոսն անդրադարձավ նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե` ընդդիմության միասնական թեկնածուին ժողովուրդը պետք է որոշի և ասաց. «Դա ուտոպիա է: Դա քաղաքական ուժերի որոշելիք հարցն է: Ժողովուրդն իր գործով է զբաղվում»:
Մեկնաբանելով Ռուբեն Հայրապետյանի` օրերս տված հարցազրույցը, բանախոսը նշեց, որ լինելով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, Ռուբեն Հայրապետյանը ուրվագծել է քաղաքական դաշտի ներկայիս պատկերը, որի մի կողմում են ՀՀ առաջին և երկրորդ նախագահները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ մյուս կողմում` Հանրապետական կուսակցությունը: