Փորձագետ. Սաֆարովի կարգավիճակը նրա էմոցիոնալ պատկերին չի համապատասխանում
Հայ սպային դաժանորեն սպանած և Բուդապեշտից Բաքու արտահանձնված Ռամիլ Սաֆարովի իրական էմոցիաները չեն համապատասխանում Ադրբեջանի հերոսի կոչման արժանացած մարդուն: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչ Սպարտակ Պետրոսյանը, Բաքու ժամանելուց հետո կատարվել է Սաֆարովի լուսանկարների և տեսանյութերի մանրակրկիթ ուսումնասիրություն և բացահայտվել է, որ ադրբեջանցի սպան ոչ թե հաղթական հրճվանքի մեջ է, այլ ընկճված է և վախեցած: Բանախոսը տեղեկացրեց, որ հոգեբանական վերլուծության համար ուսումնասիրել են նաև հաղթած սպորտսմենների լուսանկարները և տեսանյութերը:
«Տեսանյութերում պարզ երևում է, որ նրա բերանի անկյունները ձգված են դեպի ներքև, ինչը բնորոշ է խորը անհանգստության մեջ գտնվող մարդուն: Նրա միմիկան ոչնչով չի նմանվում հերոսին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա գտնվել է անազատության մեջ և ազատ է արձակվել: Որոշակի թեթևություն կարելի է տեսնել իր զավակի հետ գրկախառնվելու ժամանակ: Համեմատության համար նշեմ, որ դեռ դատավարության ժամանակ արված նկարներում երևում է վստահություն և հպարտություն», - իր կողմից արված փորձագիտական դիտարկումները ներկայացնելով, ասաց Սպարտակ Պետրոսյանը:
Ըստ բանախոսի, պարզ է, որ Սաֆարովը շատ վախեցած է և մտահոգ: «Նա նման է մահվան գնացող մարդու: Փաստացի` Սաֆարովի այսօրվա կարգավիճակը նրա էմոցիոնալ պատկերին չի համապատասխանում», - ասաց փորձագետը, անհիմն համարելով այն պնդումները, թե Սաֆարովը բարդ հոգեբանական խառնվածք ունի: «Դատավարության ժամանակ արված տեսանյութերն այլ բան են ասում», - հավելեց նա
Սպարտակ Պետրոսյանի կարծիքով` ադրբեջանցի սպան գիտակցում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում: «Կարելի է նաև դատել, որ Սաֆարովը ոչ այնքան անհանգստացած է հայերի վրեժից կամ արտաքին որևէ վտանգից, որքան հենց ներքին», - ասաց մասնագետը:
Պատասխանելով panorama.am-ի հարցին, թե որքանով է հավանական, որ Սաֆարովը գիտի իրեն սպանելու մտադրության մասին, փորձագետն ասաց. «Ոչինչ չի բացառվում, նա կամ իմանում է, որ կսպանվի, կամ գիտակցում է դրա հնարավորությունը: Կրկնում եմ, սա մեծ վախ և մտահոգություն ունեցող մարդու էմոցիաներ են, ոչ թե հաղթողի հրճվանք կամ ուրախություն: Եվ այս վախը մեծապես կապված է հենց նրա շրջապատի հետ», - ասաց բանախոսը:
Սպարտակ Պետրոսյանը նաև հավելեց, հետագա օրերին տեսանյութերում ադրբեջանցի մարդասպանը հանդես է գալիս արդեն հանգիստ և ուրախ: «Պարզապես նա աշխատում է իր վրա: Բաքու գալուց հետո նա մեծ սթրես ապրեց, և հենց այդ սթրեսը բացահայտեց նրա էմոցիաների իրական պատկերը», - նշեց Ստի բացահայտման միջազգային ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա