ԱԺ պատգամավորի որդին Բամբակաշատի ծեծկռտուքի գործով հարցաքննվել է որպես վկա
Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդին` Մակար Պետրոսյանը կանչվել է ոստիկանության բաժին և հարցաքննվել որպես վկա: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Բամբակաշատ գյուղում սեպտեմբերի 9-ին ավագանու ընտրությունների ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի հետևանքով երկուսը տեղափոխվել էին Արմավիր բժշկական կենտրոն, իսկ երկուսը ձերբակալվել էին:
Ըստ որոշ տեղեկությունների Բամբակաշատում ծեծկռտուքը կազմակերպել էր Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի որդին` Մակար Պետրոսյանը: Վերջինը սակայն, Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր այդ տեղեկությունը:
Կատարվածի կապակցությամբ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973 թ. ծնված Արամ Մ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ.- հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ: Արամ Մ.-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արման Ս.-ն:
Պարզվել էր, որ ժամը 19.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են նրա հետ, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ: Արման Ս.-ից ընդունվել էր հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ նշված հանցագործությունները կատարել են 1980 թ. ծնված Կառլեն Ե.-ն և 1980 թ. ծնված Զոհրաբ Ե.-ն: Կառլեն Ե.-ն և Զոհրաբ Ե.-ն ձերբակալված են: Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին