Զ.Փոստանջյանը մեղադրում է կառավարությանը. Անկախության 20 տարվա ընթացքում Հայաստանի աղբավայրերը 60-ից հասել են 500-ի
«Մասիս քաղաքի աղբանոցի անօրինական շահագործման, Մասիս քաղաքում և հարակից գյուղերում ստեղծված աղետալի բնապահպանական վիճակի մասին բազմաթիվ քաղաքացիների ահազանգի հիման վրա իմ կողմից պատգամավորական հարցում էր ներկայացվել ՀՀ վարչապետին: Կառավարությունն իմ վերոնշյալ հարցմանը ի պատասխան փաստել է, որ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի «բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են ավելի քան հինգ հարյուր աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ»,- քիչ առաջ ԱԺ-ում` հայտարարությունների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, հանրապետության տարածքում օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել աղբավայրեր` որպես կենցաղային թափոնների գործացության օբյեկտի տեղադրման վայր, սակայն գոյություն ունեցող աղբավայրերը չեն համապատասխանում օրենքների պահանջներին, ինչի մասին փաստում է նաև կառավարության պատասխանը.
«Մեջբերում եմ . «Տարածքը որպես աղբավայր գործածելու վերաբերյալ բնապահպանական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից համաձայնություն չի տրվել, ….ՀՀ բնապահպանության նախարարության կողմից աղբավայրի վերաբերյալ նախագծային փաստաթղթերի փորձաքննություն չի իրականացվել, …. թեմատիկ ստուգումներ չեն իրականցվել…. հողահատկացման համաձայնություն ՀՀ առողջապահության նախարարության կողմից չի տրվել, …. «Մասիս բնակարանային կոմունալտնտեսության» ԲԲԸ-ի կողմից թափոնների անձնագրավորում չի իրականացվել,…. Ընկերության կողմից թափոնների գրանցամատյան չի կազմվել և համապատասխան հաշվառում չի իրականացվել, …. Բացակայում է աշխատող անձնակազմի վարչակենցաղային շենքը իր սանիտարա-կենցաղային շենքով…, ներկա վիճակում աղբանոցում նկատվում են այրման օջախներ և ցանկապատի մի մասի բացակայության պատճառով աղբը տարածված է շրջակայքում…., ստորգետնյա ջրերն աղտոտումից զերծ պահելու նպատակով աղբավայրն ապահովված չէ կուտակված սպառման թափոնների խտացված ծավալի խորություններում առաջացող կեղտաջրերի հեռացման համակարգով, ….Մասիս քաղաքի աղբավայրի ներկայացված խնդիրները բնորոշ են Հանրապետությունում առկա գրեթե բոլոր գործող աղբավայրերին,…» և այլն: Եվ վերը թվարկվածն արձանագրելով` Արարատի մարզպետը ՀՀ վարչապետին առաջարկում է աղբանոցը թողնել նույն տարածքում` ամբողջությամբ ցանկապատելով այն, աղբը լցնել, պահպանելով սահմանված կարգը, և խստորեն արգելել աղբանոցի տարածքում աղբի այրումը»,- հայտարարեց Զ.Փոստանջյանը:
Շարունակելով ելույթը նա նշեց նաև, որ չնայած Արարատի մարզպետի առաջարկությանը և ՀՀ կառավարության կողմից արձանագրված վերը թվարկված օրենքների կոպիտ խախտումներին, որևէ մեկը այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել և Մասիս քաղաքի աղբավայրն այսօր էլ շարունակում է գործել օրենքների կոպիտ խախտումներով:
«Միանշանակ է և անվիճելի, որ ՀՀ կառավարությունը՝ չկատարելով օրենքով սահմանված իր պարտականությունները, անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանի աղբավայրերը 60-ից հասցրել է 500-ի: Եվ շարունակելով իր կողմից 20-ամյա արատավոր գործունեությունը՝ ոչ հեռու ապագայում Հայաստանի զգալի մասը կվերածի աղբանոցի»,- հավելելով իր խոսքը մռայլ կանխատեսում արեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին